Ավստրալացի հոգեբանները Նոր Անգլիայի համալսարանից հայտնաբերել են փոխադարձ կապ կյանքի նպատակի առկայության եւ դեպրեսիայի ու տագնապի ավելի ցածր մակարդակի միջեւ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Psychology (JCP) գիտական ամսագրում։
Դեպրեսիան եւ տագնապը շարունակում են մնալ առավել տարածված հոգեկան խանգարումներն աշխարհում, որոնք ազդում են միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Հաշվի առնելով դրանց տարածվածությունը եւ ազդեցությունը՝ այդ վիճակների արդյունավետ կանխման եւ բուժման միջոցների որոնումը հանրային առողջապահության եւ հոգեբանության առաջնահերթ խնդիրն է դառնում։
Գիտնականներն ուսումնասիրել են նախորդ 89 հետազոտությունները, որոնք ընդգրկել էին ընդհանուր առմամբ ավելի քան 66 հազար մարդ։ Նրանք հայտնաբերել են, որ կյանքի նպատակի ավելի բարձր ձգտումը սերտորեն կապված է դեպրեսիայի ավելի ցածր մակարդակի հետ։ Այդ կախման արդյունքի չափը, որը չափվել է որպես ® հարաբերակցության գործակից, կազմել է -0,49։ Դա նշանակում է, որ նպատակաուղղվածության ավելացմանը զուգընթաց՝ դեպրեսիայի ախտանշանները զգալիորեն նվազում են։
Նպատակասլացության եւ տագնապի միջեւ կապը, չնայած նախկինի պես բացասական է, չափավոր է եղել դեպրեսիայի համեմատ։ Արդյունքի չափն այստեղ կազմել է -0,36, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ավելի մեծ նպատակասլացությունը նույնպես կապված է տագնապի մակարդակի նվազման հետ, բայց կապն այնքան ուժեղ չէ, որքան դեպրեսիայի դեպքում։
Ինչ վերաբերում է տագնապին, կյանքի նպատակի հետ բացասական հարաբերակցությունն ավելի շատ արտահայտված է նրանց մոտ, ովքեր արդեն ունեցել են ֆիզիկական կամ հոգեկան առողջության խանգարումներ։ Դա վկայում է այն մասին, որ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար նպատակասլացության առկայությունը կարող է ավելի կարեւոր դեր խաղալ տագնապը վերահսկելու հարցում։