Ծրագրային ապահովման և տեսախաղերի ամերիկյան ասոցիացիան հայտարարել է խաղային արդյունաբերության աշխարհի խոշորագույն ցուցահանդեսը՝ 1995-ից մինչև 2019-ն ամեն տարի անցկացվող Electronic Entertainment Expo (E3) վերջնականապես փակելու մասին: Այս մասին տեղեկություն է հայտնվել E3 պաշտոնական կայքում։
«Ավելի քան երկու տասնամյակ E3 կազմակերպելուց հետո, որոնցից յուրաքանչյուրը նախորդից ավելի մեծ էր, ժամանակն է հրաժեշտ տալու»,- ասվում է միջոցառման էջում տեղադրված հայտարարությունում։
Հաղորդագրությունն ավարտվում է GGWP հապավումով (Good game, Well played – լավ խաղ էր, լավ խաղացինք), արտահայտություն, որը խաղացողները սովորաբար օգտագործում են միմյանց շնորհակալություն հայտնելու հետաքրքիր խաղի կամ խաղային սեանսի համար:
Ըստ Ծրագրային ապահովման և տեսախաղերի ամերիկյան ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Սթենլի Պիեռ-Լուիի՝ կազմակերպությունը որոշել է ընդմիշտ փակել E3-ը՝ կապված մրցակցային միջոցառումների առաջացման, գործընկերների հեռանալու և COVID-19 համաճարակի դարաշրջանում լսարանի սովորությունների փոփոխության հետ:
«Մենք գիտենք, որ ամբողջ արդյունաբերությունը, խաղերի մշակողները և խաղացողները շատ ոգևորված էին E3-ով: Մենք կիսում ենք այդ խանդավառությունը: Դժվար է հրաժեշտ տալ սիրելի միջոցառմանը, բայց դա ճիշտ է՝ հաշվի առնելով երկրպագուներին և գործընկերներին գրավելու նոր հնարավորությունները»,- The Washington Post-ին ասել է Պիեռ-Լուիսը:
Նոր առանձնահատկությունները ներառում են առցանց համաժողովները, որոնք թույլ են տալիս առանց լրացուցիչ ծախսերի տեղեկություններ փոխանցել անմիջապես լսարանին: Այս ուղղությամբ առաջամարտիկ է դարձել ճապոնական Nintendo ընկերությունը՝ գործարկելով Direct-ը։ Այն տեսահամաժողով է, որի ժամանակ նոր խաղերի և արտադրանքների մասին հայտարարություններ են արվում։
Սթենլի Պիեռ-Լուիսը հավելել է, որ E3-ի փակումը նշանակում է, որ տեսախաղերի արդյունաբերությունն այժմ տարբեր ճանապարհներով է շարժվում, որտեղ խոշոր ընկերությունները հնարավորություն ունեն ստեղծել իրենց միջոցառումներն ու հարթակները և նոր ձևերով գրավել լսարանին։