Ամերիկացի մի քանի դերասան հրաժարվել են վարել 2024 թ-ի հունվարի 7-ին կայանալիք «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նրանց թվում նշվում է նաեւ կատակերգու Քրիս Ռոքի անունը, որը նախկինում երկու անգամ վարել էր «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Դերասանի ներկայացուցիչները, սակայն, CNN-ին մեկնաբանություն չեն տվել թեմայի շուրջ։
Ռոքի օրինակին հետեւել են նաեւ դերասանուհի եւ ստենդափեր Ալի Վոնգը եւ SmartLess փոդքասթի երեք հաղորդավարները` Ջեյսոն Բեյթմանը, Շոն Հեյսը եւ Ուիլ Արնեթը:
«Ոսկե Գլոբուսի» նախկին հաղորդավարներ Թինա Ֆեյը եւ Էմի Փոլերը նույնպես մերժել են արարողությունը վարելու հնարավորությունը: Ըստ աղբյուրների՝ նման միջոցառման հաղորդավարի պաշտոնն «անշնորհակալ, դժվար ու դժբախտ աշխատանք է», քանի որ մրցանակաբաշպությունը «քաղաքականացված է»։
Նրանց կարծիքով՝ «Ոսկե Գլոբուսը» վարելու հնարավորությունն ավելի հարմար է նորահայտ կատակերգուներին, այլ ոչ թե կայացած աստղերին, որոնց համար նման աշխատանքը կարող է «կեղտոտ բիծ դառնալ կարիերայում»՝ առաջացնելով երկրպագուների դժգոհությունը։