Առողջ քունը և հոբբիի առկայությունը նպաստում են առողջ ծերանալուն. Daily Mail
Advertisement 1000 x 90

Առողջ քունը և հոբբիի առկայությունը նպաստում են առողջ ծերանալուն. Daily Mail

Թոշակառուների ամերիկյան ասոցիացիայի (հասարակական կազմակերպություն, որն աշխատում է միջին եւ տարեց հասակի մարդկանց պահանջմունքների բավարարման ուղղությամբ) փորձագետների կարծիքով՝ առողջ քունը, շփումը, սիրելի զբաղմունքի առկայությունը եւ առողջ սնունդը նպաստում են առողջ ծերանալուն, տեղեկացրել է Daily Mail-ը։

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ միայնությունը կարող է դեմենցիա, դեպրեսիա, շաքարային դիաբետ եւ ինսուլտ առաջացնել։ Ընկերների եւ հարազատների հետ մշտական շփումը, ինչպես նաեւ մասնակցությունը հանրային միջոցառումներին կամ կամավորական գործունեությունը, հակառակը, նվազեցնում է կյանքի համար վտանգավոր այդ վիճակների առաջացման վտանգը։ Առողջ ծերանալու մյուս գործոնը ֆիզիկական ակտիվության բարձր մակարդակն է։ Ֆիզիկական ակտիվություն ասելով նկատի են առնվում ոչ միայն մարզումները, այլեւ զբոսանքը, լողը, աշխատանքն այգում եւ շարժական խաղերը։

Կարեւոր է նաեւ ճիշտ սնվելը։ Միջերկրածովյան դիետան, որը խորհուրդ է տալիս օգտագործել բուսական սնունդ, ձուկ, ծովամթերքներ եւ պանիր, կարող է ավելացնել կյանքի տեւողությունը եւ լավ վիճակում պահել պայծառ միտքը։ Դա հաստատվում է այն հետազոտությամբ, որն անցկացրել են Բարսելոնայի համալսարանի գիտնականները։ Միջերկրածովյան դիետա պահպանող մասնակիցների մոտ կոգնիտիվ ունակությունները նվազել են շատ ավելի դանդաղ, քան շատ միս, շաքար եւ ալկոհոլ օգտագործողների դեպքում։

Առողջ ծերանալու համար պակաս կարեւոր չէ քունը։ Նեյրոհոգեբան Քարեն Միլլերը Նյարդաբանության խաղաղօվկիանոսյան ինստիտուտից (ԱՄՆ) նշել է, որ քնի անբավարարությունը (օարական յոթ ժամից պակաս) հանգեցնում է օրգանիզմի ինքնավերականգնման ունակության կորստին։ Քնի ժամանակ ուղեղը հեռացնում է թունավոր սպիտակուցները, որոնց կուտակումը հանգեցնում է Ալցհեյմեի հիվանդության։

Ուղեղի առողջության վրա դրական է ազդում նաեւ հոբբին։ Ամենաօգտակար զբաղմունքներից են օտար լեզուների ուսումնասիրությունը, նկարչությունը եւ երաժշտական գործիք նվագել սովորելը։