ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականների միջազգային թիմը, օգտագործելով արհեստական բանականության գործիքներ, պարզել է, որ Վերածննդի շրջանի իտալացի վարպետ Ռաֆայել Սանտիի հայտնի «Տիրամայրը վարդով» կտավը (Madonna della Rosa) միայն մասամբ է ստեղծվել նրա կողմից, իսկ որոշ տարրեր նկարել են ուրիշները։ Հետազոտությունը հրապարակվել է Heritage Science (HS) գիտական ամսագրում:
Կտավը, որն ստեղծվել է մոտ 500 տարի առաջ, արդեն 100 տարի պահվում է Մադրիդի Պրադո թանգարանում: Ռաֆայելի ստեղծագործության ուսումնասիրողներից ոմանք ենթադրել են, որ գլուխգործոցի վրա աշխատելու գործում վարպետին օգնել են նրա աշակերտները։ Կտավում պատկերված են Մարիամ Աստվածածինը` Քրիստոսը գրկին, և Հովհաննես Մկրտիչը, ինչպես նաև Սուրբ Հովսեփը:
Այս ենթադրությունները ստուգելու համար Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները մշակել են ալգորիթմ, որը Ռաֆայելի իրական աշխատանքները ճանաչում է 98% ճշգրտությամբ:
Նեյրոցանցն ուսումնասիրել է կտաը և եկել եզրակացության, որ Հովսեփի դեմքը, ամենայն հավանականությամբ, պատկերված է ոչ թե Ռաֆայելի, այլ մեկ ուրիշի կողմից: Կտավի համահեղինակներից կարող էր լինել վարպետի աշակերտներից Ջուլիո Ռոմանոն, կարծում են հետազոտողները։