Վուպերտալի համալսարանի (Գերմանիա) գիտնականները պարզել են, որ կարմիր ֆոնի վրա նույն կինը տղամարդկանց համար ավելի գրավիչ է թվում, քան սպիտակի վրա: Արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Social Psychology (JESP) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 120 տղամարդ։ Սուբյեկտներին ցուցադրվել է 20 տարեկանից բարձր կնոջ լուսանկար երկու ձևաչափով՝ սպիտակ և կարմիր ֆոնի վրա: Մասնակիցներին խնդրել են հայտնել, թե որ լուսանկարում են կնոջն առավել գրավիչ համարում: Հետո փորձը կրկնվել է, բայց երկրորդ փուլի ընթացքում կամավորները պետք է գնահատեին 50 տարեկանից բարձր կնոջ պատկերող լուսանկարները։
Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցները կարմիր ֆոնի վրա երիտասարդ կնոջն ավելի գրավիչ են համարել, քան սպիտակ ֆոնի վրա գտնվող երիտասարդ կնոջը: Սակայն ֆոնի գույնը չի ազդել տարեց կանանց կերպարի ընկալման վրա։ Հետազոտողները ենթադրել են, որ կարմիր գույնը տղամարդկանց մոտ կարող է անուղղակի կապ ունենալ կնոջ վերարտադրողական ներուժի գագաթնակետին գտնվելու հնարավորության հետ: Բացի դրանից, այս գույնը շատ մշակույթներում ավանդաբար կապված է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են սերն ու կիրքը:
Գերմանացի հետազոտողները նաև մեջբերել են այլ գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք ուղղված են օվուլյացիայի նախորդող ժամանակահատվածում կանանց հագուստի գույնի ընտրության գնահատմանը: Ընդգծվում է, որ մինչև օվուլյացիայի սկիզբը՝ այն ժամանակահատվածը, երբ հղիությունը կարող է տեղի ունենալ, կանայք հակված են ավելի սադրիչ հագուստ կրել, այդ թվում՝ կարմիր։ Նման արդյունքները կարող են անուղղակիորեն ցույց տալ, որ կարմիր գույնը կարող է մեծացնել տեսողական գրավչությունը: