Ամանորյա ընթրիքի պատրաստման դժվարությունները, սեղանի խաղեր խաղալ չկարողանալը, ընկերների տանը լավ չկողմնորոշվելը կարող են դեմենցիայի նշաններ լինել։ Այս մասին Մեծ Բրիտանիայի Ադենբրուքի հոսպիտալի նյարդաբան Թիմ Ռիթմանը պատմել է Daily Mail-ին։
Բժիշկը բացատրել է, որ սեղանի խաղերը ենթադրում են կոգնիտիվ ունակություններ, որոնց նվազումը բնորոշ է դեմենցիային։ Եթե ընտանիքի անդամն ամբողջ ուժով ձգտում է հիշել կանոնները կամ մոռանում է, թե ով պետք է կատարի հաջորդ քայլը խաղի ժամանակ, դա կարող է լինել ձեռքբերովի տկարամտության առաջացման նշան։
Դեմենցիայի մեկ այլ առօրեական նշան է կազմակերպված չլինելը տոնին պատրաստվելիս։ Բաղադրիչներ գնելը եւ կերակուրների պատրաստումը պահանջում են մանրակրկիտ պլանավորում եւ բաղադրատոմսերի հետեւողական պահպանում։ Մարդիկ, որոնց մոտ առաջ է եկել ճակատային-քունքային դեմենցիա, կարող են դժվարություններ ունենալ այդ գործողությունները կատարելիս, քանի որ հիվանդության այդ տեսակը բնութագրվում է ուղեղի ճակատի եւ քունքի հատվածների ախտահարմամբ։ Այդ հատվածները պատասխանատու են ուշադրության կենտրոնացման եւ կազմակերպվածության համար։
Նյարդաբանները նշել են, որ որոշ մարդիկ նախընտրում են տոներն անցկացնել ընկերների եւ մերձավորների տանը։ Նոր իրադրությունում կողմնորոշվել չկարողանալը, չնայած այդ իրադրությանը նախապես ծանոթ լինելուն, նույնպես կարող է մատնանշել կոգնիտիվ ունակությունների նվազման մասին։