Հռոմի Տրևի շատրվանը 2023թ. ընթացքում զբոսաշրջիկներից հավաքել է 1,6 մլն եվրո մետաղադրամ
Advertisement 1000 x 90

Հռոմի Տրևի շատրվանը 2023թ. ընթացքում զբոսաշրջիկներից հավաքել է 1,6 մլն եվրո մետաղադրամ

Ի հիշատակ Հռոմ կատարած ուղեւորության Տրեւի շատրվանում մետաղադրամ նետելու ավանդույթն այս տարի ռեկորդային գումար է հավաքել՝ 1,6 մլն եվրո, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացրել են Caritas բարեգործական կազմակերպությունում, որը տնօրինում է հավաքված միջոցները։

«Մենք դեռ պետք է հաշվենք ստույգ գումարը՝ տարբեր արժույթի մետաղադրամները փոխարինելով եվրոյով։ Խոսքը 1,6 մլն եվրոյի չափով ռեկորդային գումարի մասին է։ 2022թ. մենք հավաքել էինք 1 մլն 430 հազար»,- ասել է Caritas-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Հռոմի Acea էներգաընկերության (որը զբաղվում է այդ թվում նաեւ քաղաքի ջրամատակարարմամբ) աշխատակիցները մետաղադրամները հավաքում են շաբաթը մի քանի անգամ՝ կախված զբոսաշրջիկների թվից. նրանց մեծ հոսքի ժամանակ Տրեւին «մաքրում» են գրեթե ամեն օր։ Մետաղադրամները հավաքելուց հետո դրանք տեղավորում են պարկերում եւ ուղարկում տեսակավորման եւ փոխակերպման։

Մեկուկես միլիոն եվրոն գոյացել է 33 տոննա կշռող տարբեր արժույթների մետաղադրամներից։ Տրեւի շատրվանի տարեկան «եկամուտը» գերազանցում է Հռոմի միջին թանգարանի շահույթը. օրինակ, Հռոմի Ազգային թանգարանը մեկ տարում վաստակում է մեկ միլիոն եվրոյից մի փոքր ավելի։

Տրեւի շատրվանը կառուցվել է բարոկկո ոճով, 1732-1762թթ., ճարտարապետ Նիկոլո Սալվիի կողմից։ Այն նայում է Պալացո Պոլիի ճակատամասին, որի երկրորդ հարկը 1830-ական թթ. վարձակալում էր ռուս իշխանուհի Զինաիդա Վոլկոնսկայան։