Լոռամրգի ամենօրյա օգտագործումը երկարացնում է կյանքը և պաշտպանում մրսածությունից, կարծում է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Նա գրել է այս հատապտուղի հատկությունների մասին Telegram ալիքում։
Պավլովան, վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը, նշել է, որ հատապտուղները պետք է առկա լինեն մարդու սննդակարգում կլոր տարին։ Նա լոռամիրգն անվանել է ամենաառողջ հատապտուղը:
Նրա կարծիքով, եթե այս հատապտուղն ամեն օր ուտեք, որոշ հիվանդություններից մահանալու վտանգը կնվազի 31 տոկոսով։ Հապալասի օրական սպառման դեպքում այս ցուցանիշը կնվազի 21 տոկոսով, իսկ ելակինը` 14 տոկոսով:
«Լոռամիրգն ամենաուժեղ ազդեցությունն ունի սրտանոթային հիվանդությունների, այսինքն՝ սրտի, արյան անոթների և նյութափոխանակության պաթոլոգիաների դեմ՝ 51 տոկոս»,-ասել է նա։
Պավլովան հավելել է, որ լոռամիրգը շատ օգտակար հատկություններ ունի՝ լավացնում է մարսողությունը, ունի միզամուղ ազդեցություն, ամրացնում է իմունային համակարգը և ունի հակաբորբոքային և վերականգնող ազդեցություն։
Բժշկի խոսքով՝ հատապտուղն օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ և բարելավում է աշխատունակությունը։ Էֆեկտը զգալու համար Պավլովան խորհուրդ է տվել օրական ուտել 100 գրամ թարմ հատապտուղ կամ երկու ճաշի գդալ չոր հատապտուղ։