Ամերիկահայ դիմահարդար եւ ոճաբան Հրուշ Աճեմյանը կարող է հպարտանալ Ջենիֆեր Լոպեսի հետ եւս մեկ համագործակցությամբ։ Բոլորովին վերջերս համաշխարհային աստղը ներկայացրեց իր «Can’t Get Enough» երգի տեսահոլովակը, որտեղ նրան դիմահարդարել էր ճանաչված հայ դիմահարդարը։ Այս անգամ Հրուշն Instagram-ում կիսվել է Ջեյ Լոյի «This Is Me․․․Now» ֆիլմի թրեյլերով՝ հայտնելով, որ երգչուհուն դիմահարդարել է նաեւ այդ նախագծի համար։
«Ահա այն կերպարները, որոնք մենք ստացանք։ Այս դիմահարդարումը․ ես միշտ եմ հիացել այս հիասքանչ կնոջով։ Նրա աշխատանքային էթիկան ու նվիրվածությունը ինձ մշտապես ոգեշնչել են։ Ոլորտի տաղանդավոր մարդկանց հետ այս նախագծի շուրջ աշխատելն ինձ համար իրական պատիվ էր։ Ուզում եմ՝ դուք էլ ընկղմվեք Ջեյ Լոյի երաժշտական ճանապարհորդության կախարդանքի մեջ»,-ինստագրամյան հրապարակմանը կից գրել է Հրուշը։
Ինչպես նշվում է Ջենիֆեր Լոպեսի յություբյան ալիքի հաղորդագրության մեջ, «This Is Me-Now»-ն ֆիլմ է երգչուհու հոգու ու սրտի մասին։ Սա սիրո պատմություն է, որի ռեժիսորը Դեյվ Մեյերսն է։ Այն Amazon-ում կթողարկվի փետրվարի 16-ին՝ երգչուհու համանուն ալբոմի հետ համատեղ։