Վաշինգտոնի համալսարանի ռոբոտաշինության ամերիկացի գիտնականները նախագծել են մինչ օրս գործող ամենափոքր, ամենաթեթև և ամենաարագ ռոբոտները: Աշխատանքի մասին զեկույցը ներկայացվել է IEEE Robotics and Automation Society Խելացի ռոբոտների և համակարգերի միջազգային համաժողովի ժամանակ։
Այս միկրոռոբոտները պատրաստվել են բզեզի և Gerridae ընտանիքի միջատների տեսքով։ Առաջին սարքը կշռում է ընդամենը ութ միլիգրամ, իսկ երկրորդը՝ 55 միլիգրամ։ Երկուսն էլ ունակ են վայրկյանում վեց միլիմետր ճանապարհ անցնել ջրում կամ ցամաքում։
Միկրոռոբոտների առանձնահատկությունը դրանց շարժիչային մեխանիզմներն են, որոնք կշռում են մեկ միլիգրամից պակաս: Դրանցում օգտագործված է ձևի հիշողություն ունեցող համաձուլվածք, որը տաքանալու դեպքում փոխում է կոնֆիգուրացիան, իսկ սառչելիս վերադառնում իր սկզբնական ձևին: Այս առանձնահատկությունը թույլ է տալիս շատ դիմացկուն շարժիչներ պատրաստել առանց շարժվող կամ պտտվող մասերի:
Ռոբոտ միջատների շարժիչները բաղկացած են երկու մանր լարերից՝ 0,0025 սանտիմետր տրամագծով։ Նրանք տաքացվում և սառում են փոքր հոսանքի միջոցով, ինչը թույլ է տալիս մեքենաներին շարժել իրենց վերջույթները վայրկյանում մինչև 40 անգամ: Նախնական փորձարկումների ժամանակ միկրոռոբոտը կարողացել է բարձրացնել իր քաշից 150 անգամ ավելի ծանր զանգված:
Գիտնականներն այժմ աշխատում են միկրոմարտկոցների կամ էներգիայի այլ աղբյուրների մշակման վրա, որպեսզի կարողանան այս մեքենաները լիովին ինքնավար դարձնեն։