Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անձնական խոհարարը խոսել է հայտնի ընտանիքի անդամների «կարգապահական դիետայի» մասին։
Քրիստիաննա Յուն, որը հայտնի է նաեւ որպես խոհարար K, նշել է, որ ընտանիքի բոլոր անդամներն էլ, ժամանակ առ ժամանակ, իրենց թույլ են տալիս թուլացնել սննդակարգը, բայց դա փոխհատուցում են ակտիվ մարզումներով։
«Ինչ վերաբերում է նրանց սննդակարգին, նրանք, իսկապես, կարգապահ են այդ հարցնում»,-Page Six-ին ասել է 42-ամյա խոհարարը,-«Ասենք, եթե խորոված պանիր են ուտում. նրանք դա փոխհատուցում են մարզասրահ հաճախելով»։
Շեֆ Խոհարար K-ը Քարդաշյան-Ջեններ ընտանիքի համար կերակուրներ է պատրաստում ծննդյան օրերին, Ամանորին, Զատկին, Գոհաբանության եւ Սուրբ Ծննդյան տոներին:
«Տոներին ոչ ոք չի փորձում նիհարել։ Մակարոն, պանիր, հաց էլ են ուտում»,-պատմել է նա,-«Բայց նրանք բոլորն էլ շատ ակտիվ են՝ առավոտյան զբոսանում են եւ հաճախում մարզասրահ»:
Խոհարարը, գրեթե, տասը տարի պատրաստում է նրանց համար եւ արդեն ծանոթ է աստղերի սննդակարգի բոլոր սահմանափակումներին: «Քորթնիի սննդակարգը կախված է նրանից, թե ինչ կասի բժիշկը՝ ոչ մի ձու, միայն բանջարեղեն, առանց քաղցր կարտոֆիլի, առանց գլյուտենի: Քլոեն՝ հավի միս, միայն սպիտակ միս»,-2022 թ-ին, The New York Times-ի հետ զրույցում, նշել էր նա,-«Քենդալը կծու չի ուտում, Քիմը՝ գինձ, իսկ Քայլին միշտ ապուր է ուտում»: