Եվրոպայի ամենահարուստ մարդը իր որդիներին միմյանց դեմ է հանում ժառանգության համար ընտանեկան պայքարում
Advertisement 1000 x 90

Եվրոպայի ամենահարուստ մարդը իր որդիներին միմյանց դեմ է հանում ժառանգության համար ընտանեկան պայքարում

Եվրոպայի ամենահարուստ մարդը իր որդիներից երկուսին եւս նշանակել է Louis Vuitton-ի եւ Dior-ի տնօրենների խորհուրդներում, որոնք LVMH խմբի մաս են կազմում, ինչը նշանակում է պայքար իրավահաջորդության համար, գրում է The Thelegraph-ը։

LVMH-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Բեռնար Առնոն ասել է, որ իր որդիները՝ Ալեքսանդրը եւ Ֆրեդերիկը, կընդգրկվեն ընկերության տնօրենների խորհրդում, որտեղ նրանք կմիանան իր երկու մյուս երեխաներին՝ դստերը՝ Դելֆինային եւ որդուն՝ Անտուանին:

Ֆրանսիացի միլիարդատերն իր երեխաներին այդպես է դաստիարակում, որպեսզի նրանք դառնան շքեղ կայսրության պոտենցիալ ղեկավարներ, որը կրկնվում է բազմաթիվ կինոմրցանակների արժանացած «Հետնորդներ» դրամայում:

Երբ Անտուան ​​Առնոն ընդամենը 14 տարեկան էր, նա իր նորածին եղբորը բացիկ ուղարկեց, որում ասվում էր․ «Հարգելի Ալեքսանդր։ Հուսով եմ՝ քո ծնունդը լավ է անցել, եւ քեզ հետ ամեն ինչ լավ է: Խորհուրդ եմ տալիս հենց հիմա սկսես աշխատել»։ Ալեքսանդրի Instagram-ում հրապարակված նամակը, հնարավոր է, ամբողջովին լուրջ չէր, բայց ինչպես պարզվեց, այն մարգարեական էր։

Դրանից հետո Առնոյի հինգ զավակներից յուրաքանչյուրը՝ աշխարհի ամենամեծ շքեղ կայսրության՝ LVMH-ի ժառանգորդները, ստիպված են եղել քրտնաջան աշխատել՝ իրենց տեղը զբաղեցնելու համար իրենց հոր ղեկավարած կոնգլոմերատում։

Ալեքսանդրը եւ Ֆրեդերիկը կմիանան 48-ամյա Դելֆինային եւ 46-ամյա Անտուանին LVMH-ի խորհրդի կազմում, ինչը նշանակում է, որ նրանց կրտսեր եղբայրը՝ Ժանը, Առնոյի միակ երեխան կլինի, ով խաղատախտակի վրա տեղ չի ունենա:

Թերեւս դա միայն ժամանակի հարց է. Ժանը, ինչպես եւ իր եղբայրներն ու քույրերը, բարձր պաշտոն է ստացել LVMH-ում՝ գլխավորելով ժամացույցների արտադրությունը Louis Vuitton-ում:

Դելֆինա Առնոն 48 տարեկան է. նա 2023 թվականի փետրվարից Christian Dior Couture-ի նախագահը եւ գործադիր տնօրենն է: Դելֆինան բարձր պաշտոններ է զբաղեցրել Louis Vuitton-ում եւ Christian Dior Couture-ում եւ հանդիսանում է LVMH-ի տնօրենների խորհրդի եւ գործադիր կոմիտեի անդամ:

LVMH-ը 74-ամյա պատրիարք Բեռնար Առնոն ղեկավարում է 1989 թվականից: Ինսայդերներն ասում են, որ նա ցանկանում է համոզվել, որ պաշտպանում է իր ժառանգությունը, որպեսզի խուսափի նույն ճակատագրից, ինչ ֆրանսիացի մագնատ Ժան-Լյուկ Լագարդերը, որի համանուն արդյունաբերական կայսրությունը քաոսի մեջ ընկավ 2003 թվականին նրա հանկարծակի մահից հետո:

Առայժմ LVMH-ն ու Բերնարը հրապարակավ լռում են այն հարցի շուրջ, թե ով է ստանձնելու ղեկը: Առնոյի երեխաներն էլ են լռում.

Միեւնույն ժամանակ պատրիարքը միմյանց դեմ է հանում իր երեխաներին՝ փորձելով գտնել ամենահզոր իրավահաջորդին։

«Իմ երեխաներից մեկը կամ մի քանիսն ինձանից հետո կստանձնեն պարտականությունները՝ կախված իրենց կարողությունից, տաղանդից, ինչպես նաեւ ցանկությունից, քանի որ դուք պետք է հասկանաք, որ դա ամբողջ կյանքի պարտավորություն է»,-ասում է նա:

Բեռնարն ամիսը մեկ անգամ հավաքում է իր երեխաներին 90 րոպեանոց ճաշի համար, որտեղ նա հարցեր է տալիս նրանց նախապես պատրաստած տարբեր թեմաների մասին, ավելի վաղ հայտնել էր Wall Street Journal-ը՝ գործընթացը նմանեցնելով «լսումների»:

Տարիներ շարունակ ղեկավարության վերաբերյալ շահարկումների մեծ մասը կենտրոնացած էր Առնոյի երեխաներից ավագի՝ Դելֆինայի վրա, ով հայտնի է իր պողպատե խառնվածքով եւ համարվում է իր հոր սիրելին:

Անցյալ տարի նա նշանակվեց Christian Dior-ի գործադիր տնօրեն, որը LVMH-ի երկրորդ ամենամեծ ապրանքանիշն է՝ Louis Vuitton-ից հետո, որտեղ նա նախկինում եղել է գործադիր տնօրենի տեղակալ:

Ասում են, որ Դելֆինան ու Անտուանը փորձել են համեստության զգացում սերմանել իրենց կրտսեր եղբայրների մեջ:

Որոշ տեղեկություններով՝ Անտուանն ավելի քիչ հետաքրքրված է դառնալու իր հոր ժառանգորդը, քան մյուս երեխաները: Մինչդեռ Ալեքսանդրը, որը Tiffany & Co.-ի արտադրանքի եւ հաղորդակցության գծով ղեկավարն է, ավելի մեծ ախորժակ ունի իշխանության համար: Նա համարվում է ամենախարիզմատիկն ու լավ կապեր ունեցողը։ Նա է կանգնած եղել LVMH-ի՝ Rimowa շքեղ բեռների ապրանքանիշը գնելու որոշման հետեւում:

Ֆրեդերիկը՝ LVMH Watches-ի գործադիր տնօրենը, բնավորությամբ ամենից շատ նման է իր հորը․ նա նաեւ տաղանդավոր գիտնական եւ թենիսիստ է:

Որոշ դիտորդներ կարծում են, որ իրավահաջորդության ճակատամարտը, հավանաբար, տեղի կունենա այս երկու եղբայրների միջեւ:

Հրապարակման պատրաստեց news.am-ը