Հանրահայտ սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի ստեղծագործությունը, որը հանրությանը չի ցուցադրվել արդեն քառորդ դար, կարող է աճուրդում վաճառվել 64 միլիոն դոլարով:
Christie’s աճուրդի տունը հայտարարել է, որ մարտի 7-ին Լոնդոնում աճուրդի կհանի «L’ami intime» («Մոտ ընկեր») կտավը՝ նվիրված արվեստի սյուրռեալիստական շարժման հարյուրամյակին։
Նկարը ներառում է բելգիացի նկարչի մի քանի նշանավոր մոտիվներ, այդ թվում՝ գլխարկով մարդ եւ կապույտ երկնքի ֆոնին՝ սպիտակ փափուկ ամպեր: 1958 թվականի այս նկարում տղամարդը պատկերված է հետեւից՝ դեմքով դեպի լեռնոտ լանդշաֆտը։ Բագետն ու գինու բաժակը լողում են առաջին պլանում։
Christie’s-ի իմպրեսիոնիզմի եւ ժամանակակից արվեստի փոխնախագահ Օլիվյե Քամյուն ասում է, որ «շատ բանաստեղծական, շատ երազկոտ» կտավը Մագրիտի մի քանի կարեւոր գործերից մեկն է, որոնք գտնվում են մասնավոր ձեռքերում: Վերջին անգամ այն հանրությանը ներկայացվել է 1998 թվականին՝ Բրյուսելում։ Այն առաջին անգամ է աճուրդի հանվում 1980 թվականից ի վեր, իսկ նախնական գինը գնահատվում է 38-64 միլիոն դոլար:
«Մագրիտը երբեք ոչինչ չի բացատրել»,-ասում է Քամյուն՝ հավելելով, որ, նույնիսկ, նրա նկարների անուններն առաջարկել էին ընկերները: «Մագրիտում կրոնի, հատուկ պատմության կամ որեւէ այլ նշան չկա»,-նշում է նա,-«Սրանք բացարձակապես կոնցեպտուալ, մաքուր, հզոր, մտահոգիչ, հրաշալի, լուռ նկարներ են, որոնք հասանելի են բոլորին»: