«Ադրբեջանի սադրանքները զսպելու առաջին գերպայմանը Նիկոլի հեռացումն է». Գառնիկ Դավթյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի սադրանքները զսպելու առաջին գերպայմանը Նիկոլի հեռացումն է». Գառնիկ Դավթյան

Ներքին Հանդում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին հայկական կողմի պաշտոնական արձագանքը ոչ միայն համարժեք չէ, այլև փոխգործակցված արձագանք էր։ Գիտակից մարդկանց համար արդեն գաղտնիք չէ, որ ՀՀ այսօրվա ոչ հայկական կառավարությունը համագործակցում է Ալիևի ու Էրդողանի հետ։

Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ խոսելով փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից Ներքին Հանդում տեղակայված հայկական դիրքերի վրա կատարած հարձակման և Հայաստանի պաշտոնական արձագանքի մասին։

Փորձագետը վստահ է՝ ՀՀ իշխանությունները բանակի դեմ նոր ճակատ են բացել՝ մինչև Ներքին Հանդում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը, ՀՀ իշխանություններն ասում էին, որ պատերազմում պարտվելու մեղավորները գեներալներն են, անգամ զոհերն են մեղավոր, իսկ հիմա հերթը հասել է բանակում ծառայող, սահմանին իրենց կյանքը վտանգող զինվորներին։

«Ադրբեջանը չունի Հայաստանի հետ իրական խաղաղության գնալու օրակարգ, նրա հիմնական նպատակը միայն խաղաղություն հաստատելն է ՀՀ սուվերենության հաշվին։ Սա նշանակում է Հայաստանին զրկել պաշտպանողականությունից, միջազգային ուժ լինելուց։ Այս ամենը գրեթե սպառված է, հիմա Հայաստանին մնացել է միայն բանակը, որովհետև այսօր բանակն ինչ-որ առումով գոնե պոտենցիալ ունի։ Հայրենասեր մարդիկ կան այնտեղ, որոնք չեն լսում Նիկոլի հիմարություններն ու առաջնորդվում են ազգի շահերով։ Ադրբեջանը երբեք չի ընդունել, որ դիմել է սադրանքների, անգամ, երբ հայաթափեց Արցախը, դա չխոստովանեց։

Մինչև 2018 թվականի հեղափոխությունը, երբ Ադրբեջանի կողմից լինում էր խախտում, հայկական կողմը խիստ կոպիտ պատասխան էր տալիս, և հայկական կողմից երբեք չի եղել նման հայտարարություն, թե մեղավորը հայկական կողմն է։ Միշտ փաստական ու հստակ ապացույցներով հայկական կողմը ցույց է տվել, որ պաշտպանողական գործողություններ է իրականացրել։ Հիմա բոլորովին հակառակն է տեղի ունենում, և այդ գործում Ադրբեջանին օգնում է Նիկոլ Փաշինյանը և իր ղեկավարած «ուսապարկերի» խմբակը։ Սրանց հայտարարությունները նպատակ ունեն պատվազրկել հայկական բանակը, որպեսզի հայ հասարակությունն այլևս լուրջ չվերաբերվի բանակին»,- հավելեց Գառնիկ Դավթյանը։

Նա չբացառեց, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական պահանջը վերաբերի նաև հայկական բանակին։ Հետևաբար, այսօր Ադրբեջանն առաջնորդվում է սեփական օրակարգով, որտեղ առհասարակ խաղաղության գնալու հարց չկա։ Նրա գնահատմամբ՝ սահմանային լարվածություն հրահրելով ու զոհեր տալով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանում կոտրել դիմադրության ոգին։

«Ադրբեջանի օրակարգը հետևյալն է՝ Հարավային Կովկասում չունենալ հայեր։ Իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ ունեն հստակ պայմանավորվածություն՝ հայկական պետականությունը կործանելու համար, որի արդյունքում իշխանությունը կկարողանա պահել աթոռը։ Ադրբեջանը Հայաստանն ամբողջությամբ պատկերացնում է Ադրբեջանի կազմում, Հայաստանում ունենալ 1000-2000 հայ, որոնց կհամարի էթնիկ փոքրամասնություն և Ալիևը նրանց մատով ցույց կտա՝ ասելով՝ «հայեր են, որոնց իրավունքները ես եմ պաշտպանում»»,- շեշտեց Գ. Դավթյանը։

Ինչ վերաբերում է Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տարբեր երկրների հայտարարություններին, Գառնիկ Դավթյանն ասաց, որ դրանք այլևս իրենց սպառել են, ուստի վաղուց ժամանակն է, որպեսզի այս հայտարարությունների փոխարեն լինեն պատժամիջոցներ՝ ուղղված Ադրբեջանին։

«Ադրբեջանի սադրանքները զսպելու առաջին գերպայմանը Նիկոլի հեռացումն է, առանց դրա որևէ բան անել հնարավոր չէ։ ՔՊ-ական ամբողջ խմբակին պետք է հեռացնել, ես կողմնակից չեմ արտահերթ ընտրություններով իշխանափոխությանը, փոխարենը՝ կողմնակից եմ համաժողովրդական ընդվզման, ոչ միայն Հայաստանում։ Այսպիսով ժողովուրդը կերաշխավորի, որ իշխանության եկածները լեգիտիմ են, նաև Նիկոլի դրսի տերերին ցույց կտա, որ դեմ է հայրենիքի հանձնմանը, չի ուզում նման տեսակի ղեկավար»,- ասաց Գառնիկ Դավթյանը։

Նրա համոզմամբ՝ Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպով Ադրբեջանը տվեց լոկալ ռազմական բախումների և ավելի լայնածավալ գործողությունների գնալու մեկնարկը։

«Ադրբեջանը սադրանքների գնալու առումով «չեմպիոն» է, նա կարող է սադրանքներ իրականացնել ցանկացած առիթով ու ցանկացած պահի։ Իսկ «Զանգեզուրի միջանցք» բացելու ծրագիրը երբեք դուրս չի եկել Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգից։

Կրկնում եմ՝ ժողովուրդը պետք է ցույց տա ոչ միայն ՔՊ-ին, այլև նրա դրսի տերերին, որ այլևս թուրքական օրակարգը սպառված է, հետևաբար՝ նրանք պետք է հեռանան, բայց ոչ Հայաստանից, քանի որ դատարանի առաջ դեռ պետք է պատասխան տան։ Իսկ սրանց հեռանալուց հետո պետք է գործի անցնեն գիտակները»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Մանրամաները՝ 168.am-ի տեսանյութում



Նման նյութեր