«Իշխանությունը, այո՛, գնում է դեպի խաղաղություն»՝ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայից հետո էլ վստահորեն հայտարարում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, խաղաղության օրակարգերից խոսում են նաև տարբեր միջազգային դերակատարներ:
Այդ վստահությունը, սակայն, նկատելի չէ ՀՀ քաղաքացիների շրջանում. 168.am-ին հանդիպած քաղաքացիները հիմնականում նշում են՝ մի կողմի պատրաստակամությամբ խաղաղություն հնարավոր չէ, իսկ զիջումների գնով խաղաղության օրակարգերը՝ անհեռատես:
«Այդ բանակցությունների հետևանքով մենք ավելի ստրկական վիճակում ենք հայտնվում. ավելի ճիշտը պայքարելն է՝ ոչ թե անընդհատ համաձայնել ինչ-որ բաների հետ»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը:
Մեկ ուրիշն էլ արձանագրեց. «Երեկվա դեպքն ի՞նչ է ասում, Ադրբեջանը կհամաձայնի՞ խաղաղության. ամեն օր 4-5 հոգի մահանում է, պատերազմ չի՞, բալա ջան: Առայժմ հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել ագրեսորի հետ»:
Երկու քաղաքացիներ վստահեցրին՝ իշխանությունները կհաջողեն այդ օրակարգերում, եթե չխաբեն ժողովրդին, չզբաղվեն կոռուպցիայով ու թալանով:
«Հույսներս կորցրել ենք ամեն հարցում, արդեն լավի ակնկալիք չունենք. Իրոք, շատ ցավալի է, որ գնալով կորցնում ենք մեր հողերը, մեր Հայաստանը, մեր զավակներին»,- հավելեցին մեր զրուցակիցները:
Արցախից մեր հայրենակիցներն էլ շեշտեցին՝ թուրքին հավատալ պետք չէ, իսկ այս իշխանություններն ունակ չեն խաղաղություն բերելու:
Իշխանության ու նրա խաղաղության օրակարգերի հանդեպ վստահություն ունեցող մի քանի համաքաղաքացիներ ակնկալում էին, որ խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի, բայց այդ հարցում հույսը կապում էին Եվրոպայի հետ.
«Աշխարհի հզոր պետություններին Ադրբեջանը բանի տեղ չի դնում, բայց նրա հարցերը հետո Եվրոպան շատ լուրջ կդնի»:
Մանրամասները՝ տեսանյութում