Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի գիտնականները պարզել են, որ փոքր երեխաները հակված են ավելի շատ ժամանակ անցկացնել էկրաններին, եթե ծնողները սթրեսի մեջ են: Արդյունքները հրապարակվել են Computers in Human Behavior (CHB) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 462 ծնողներ, որոնք ունեն մինչև երեք տարեկան երեխաներ: Գիտնականները տեղեկություններ են հավաքել այն մասին, թե սովորաբար որքան ժամանակ են երեխաները անցկացնում հեռուստացույցի, համակարգչի և պլանշետի էկրանների առջև։ Ծնողներին հանձնարարվել է հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր լրացնել առցանց հարցաթերթիկներ՝ գրանցելով այն ժամանակը, որն իրենց երեխաները անցկացնում են էկրանների առաջ:
Նաև կանոնավոր հարցումների ընթացքում չափահաս մասնակիցները հատուկ սանդղակի համաձայն գնահատել են իրենց սթրեսի մակարդակը և հայտնել իրենց կարծիքը երեխայի ընտրած բովանդակության և դրա դիտման տևողության մասին։
Արդյունքները ցույց են տվել, որ ծնողների աճող հուզական սթրեսի ժամանակ փոքր երեխաները հակված են ավելի շատ ժամանակ անցկացնել էկրանների առաջ: Դիտելու ժամանակը նույնպես կապված է եղել դրա նկատմամբ ծնողների վերաբերմունքի հետ: Եթե ծնողները հավանություն են տվել որոշակի ալիքի կամ բովանդակության, նրանք թույլ են տվել իրենց երեխաներին դիտել այն շատ ավելի երկար։
Ընդհանուր առմամբ մեդիայի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող ծնողներն իրենց երեխաներին թույլ են տվել միջինը 9,5 րոպե անցկացնել էկրանի առջև ցածր սթրեսի ժամանակ և 10 րոպե, երբ սթրեսը մեծ է: Միևնույն ժամանակ հեռուստատեսության և ինտերնետային ծրագրերի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող ծնողների երեխաները մոտ 17,5 րոպե անցկացրին էկրանների առաջ՝ ծնողական ցածր սթրեսի պայմաններում։ Սթրեսի մակարդակի բարձրացումը կապված է էկրանի ժամանակի մինչև 28 րոպե ավելացման հետ: