Չինաստանի YuWa ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտը հետազոտություն է հրապարակել այն մասին, թե որ երկրներում է երեխա մեծացնելն ամենածախսատարը։ Հետազոտության հեղինակները գնահատել են տարբեր երկրներում ծնողների միջին ծախսերը՝ երեխայի ծնվելուց մինչև նրա 18-ամյակը և այդ գումարները համեմատել երկրի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հետ, գրում է kommersant.ru-ն։
Ուսումնասիրված 14 երկրի շարքում Հարավային Կորեան առաջին տեղն է զբաղեցնում՝ այնտեղ 18 տարվա ընթացքում երեխայի խնամքի և դաստիարակության արժեքը 7,8 անգամ գերազանցում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն։ Ծախսերը բարձր են նաև Չինաստանում և Իտալիայում՝ 6,3 անգամ ավելի, քան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում (5,3 անգամ ավելի, քան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն)։
Մյուս երկրների մեծ մասում հարաբերակցությունն ավելի ցածր է՝ 4,1 անգամ ԱՄՆ-ում, 3,6 անգամ՝ Գերմանիայում, 2,9 անգամ՝ Շվեդիայում, 2,1 անգամ՝ Ավստրալիայում։