Նավթի մագնատ 85-ամյա Օտրի Սթիվենսը վաճառել է իր Endeavor Energy Resources ընկերությունը Diamondback Energy-ին: 26 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը նրան կդարձնի ԱՄՆ-ի ամենահարուստ նավթային մագնատը, հաղորդում է Bloomberg-ը։
Բայց քչախոս Սթիվենսը կարծես դժկամությամբ էր լքել 1979 թվականին իր հիմնադրած ընկերությունը՝ The Wall Street Journal-ին ասելով, որ ինքն այդ որոշումը կայացրել է քաղցկեղի պատճառով: «Ես կկարոտեմ մարդկանց»,-ասել է նա,-«Դա, ասես, իմ փոքր ընտանիքը լիներ»:
Սթիվենսը երկար ժամանակ դիմակայել է Արեւմտյան Տեխասի վերջին անկախ խոշոր նավթային ընկերություններից մեկը՝ Endeavor-ը գնելու արտաքին փորձերին: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրա մոտ հայտնաբերեցին շագանակագեղձի քաղցկեղ:
Նա ասել է, որ որոշել է ընկերությունը չփոխանցել իր դստերը՝ Լինդալ Գրեթին, ով ներառված է ընկերության տնօրենների խորհրդի կազմում, իսկ իր որդին ընտանեկան բիզնեսի մաս չի կազմում:
Այժմ Diamondback Energy-ի հետ գործարքը, որը հաղթել է այլ խոշոր հայտատուներին, ինչպիսիք են ExxonMobil-ը եւ ConocoPhillips-ը, կարող է ընկերությունը հզոր ուժ դարձնել ներքին էներգետիկ ասպարեզում:
Սթիվենսը հայտնի է իր համեստ ոճով։ Նա աշխատանքի է գնացել հին Toyota Land Cruiser-ով եւ թռչել բյուջետային Southwest Airlines ավիաընկերությամբ, հաղորդում է Journal-ը: Սա արտացոլում է նրա խոնարհ դաստիարակությունը՝ Տեխասի կենտրոնում գտնվող ֆերմայում, որտեղ գետնանուշ եւ ձմերուկ էին աճեցնում:
Չնայած իր հսկայական հարստությանը եւ համբավին՝ նրա կարիերայի հետագիծը, ըստ երեւույթին, կենտրոնացած է իր սկզբնական հավակնությունների վրա, որոնք, ըստ նրա, «կայուն աշխատավարձ ստանալն ու հարմարավետ թոշակի անցնելն են»:
Սթիվենսը իր հաջողությունը վերագրում է նոր գաղափարների եւ տեխնոլոգիաների հանդեպ իր բաց լինելուն եւ փողի վրա հիմնված ռազմավարությանը, որն օգնեց նրան գոյատեւել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, մինչդեռ ԱՄՆ շատ այլ օպերատորներ սնանկացան:
«Նավթային արդյունաբերության պատմությունը լի է մարդկանց պատմություններով, ովքեր մի քանի անգամ հարստություն են ստեղծել և կորցրել»,-ասել է նա:
Journal-ի այն հարցին, թե ինչ կանի նա իր նոր գտած միլիարդների հետ, Սթիվենսը պատասխանել է, որ դեռ չի մտածել այդ մասին:
Endeavour-ի վաճառքը Սթիվենսին 130-րդ-ից 77-րդ հորիզոնականն է բարձրացրել Bloomberg Billionaires Index-ում: Անցած տարվանից նրա կարողությունն աճել է 17,5 միլիարդ դոլարով՝ զիջելով միայն Nvidia-ի Ջենսեն Հուանգին եւ Meta-ի Մարկ Ցուկերբերգին: