«Փաշինյանին կարող են քարշ տալ, ստորացնել ու սպառնալով՝ ստանալ իրենց հասանելիքը». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանին կարող են քարշ տալ, ստորացնել ու սպառնալով՝ ստանալ իրենց հասանելիքը». Տիգրան Աբրահամյան

«Սխալ է հանրության որոշ շերտերի մոտ ձևավորված այն տպավորությունը, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շրջում է դեպի Արևմուտք, որովհետև ինքն արևմտյան արժեքների կրող է։ Ասում եմ՝ այս տպավորությունը սխալ է, որովհետև այն ռեպրեսիվ մեքենան, որն աշխատեցնում է այդ նույն Փաշինյանը, և մենք բանտերում ունենում ենք բազմաթիվ քաղբանտարկյալներ՝ Արմեն Աշոտյան և այլք, այդ պատկերն ամենևին էլ Փաշինյանի՝ արևմտյան արժեհամակարգ կրելու վկայությունը չէ, հետևապես, մենք գործ ունենք մի պարզ «քաղաքական բազարի» հետ, որը մինչև 2018 թվականն է ներդրված եղել Փաշինյանի ուղեղում, իսկ 2018 թվականից հետո կյանքի է կոչվում՝ սկսվելով Արցախի հանձնումով»,- այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, խոսելով Հայաստանի իշխանության վարած արտաքին քաղաքականության և դրա ռազմավարական հետևանքների մասին։

«Այդ ծրագրով Ռուսաստանին մեր տարածաշրջանից պետք է դուրս դնել և պայմանական Արևմուտքին, իրականում՝ Թուրքիային, բերել Ռուսաստանի փոխարեն»,– խոսելով քաղաքական առևտրի գլխավոր նպատակի մասին՝ մանրամասնեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս հայ-ռուսական արմատախիլ եղած հարաբերություններն այդ ծրագրի հետևանքն են, ուստի սխալ են պատճառաբանությունները, թե դրանք արմատախիլ են արվել բացառապես Ռուսաստանի գործունեության հետևանքով։

«Այս հարցում կարևոր է հիշել, որ երկկողմ հարաբերություններում ցանկացած պայմանավորվածության շուրջ փաստաթուղթ ենթադրում է երկկողմ պարտավորություններ և իրավունքներ, հետևապես, եթե Հայաստանի իշխանությունը որդեգրել է միայն ստանալու քաղաքականությունը և այդպես էլ վարվում է հայ-ռուսական հարաբերություններում, ապա պարզ էր, որ դա բերելու է հարաբերությունների տապալման»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Խոսելով իշխանությունների արդարացումների մասին, թե իրենք Ռուսաստանի համար արել են ավելին, քան կարող էին, և այլևս տալու բան չունեն, Տիգրան Աբրահամյանը հակադարձեց.

«Այո՛, տվել են, բայց տվել է Ադրբեջանին և Թուրքիային։ Չեն տվել Ռուսաստանին»։

Աբրահամյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի պահանջները բավարարելու հետևանքով է, որ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ունեցել նաև հազարավոր մարդկային կորուստներ։

«Գոռում են, թե ինքնիշխան են, բայց արի ու տես, որ նրանց պաշտոնավարման այս 6 տարին ցույց է տալիս, որ Հայաստանն իր ինքնիշխանությունն է կորցրել»,– ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով՝ դա տեղի չէր ունենա, եթե այս իշխանությունը կարողանար տեսնել պարզ փաստը՝ Հարավային Կովկասում ռուսական դերակատարությունը, և կարողանար այդ ազդեցության կենտրոնի հետ ճիշտ հարաբերություններ կառուցել։

«Խնդիրը Ռուսաստանի նման թշնամի ձեռք չբերելն է, մինչդեռ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է նման թշնամի ունենալու համար»,- ասաց Տ. Աբրահամյանը՝ նշելով, որ իր սխալ հաշվարկների արդյունքում է, որ փակուղային իրավիճակում է հայտնվել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի պահանջները կատարելու հարցում։

«Այս իշխանությունը պետք է առաջարկեր այդ պայմանագրի իրականացումը քննարկել միայն մի դեպքում, երբ դրա մյուս կետերը կկատարվեն, այսինքն՝ արցախցիները խաղաղապահ մանդատի ներքո կլինեն Արցախում։ Դա չի անում, մյուս կողմից էլ հստակ չի ասում, թե ո՞րն է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ իր ուզածը։ Եթե հիմա հայտարարում են, թե դուրս են գալիս այդ փաստաթղթից, ապա պետք է հիմնավորեն՝ ինչու, եթե դա էլ չի անում, դարձյալ պետք է հիմնավորի՝ ինչու։ Մյուս կողմից՝ պետք է տեսնել, որ այսօր Հայաստանը նաև գործոն չէ և չի կարող որոշումներ ընդունել։ Փաշինյանին կարող են քարշ տալ այստեղ կամ այնտեղ, ստորացնել, սպառնալ ու ստանալ իրենց հասանելիքը։ Նա իր բնույթով արկածախնդիր է, ուստի նրա վերաբերյալ ռացիոնալ դատողություններ անելը դժվար է։

Փաստ է այն, որ այս իշխանությունը ցույց է տվել՝ ծանր իրավիճակներում ճիշտ գործելու հնարավորություն չունի։ Նրանց այդ որակների հետևանքը Հայաստանի համար է ծանր լինում, ուստի մտածել, որ Արցախը, Հայաստանի մեծ թվով բնակավայրեր Ադրբեջանին հանձնածը հիմա այս իրավիճակում կարող է գործել մեր պետության համար շահեկան տարբերակով, անիմաստ է։ Մարդ, որը բանակցում է նրանց հետ, որոնց հետ կռիվ է ունեցել ու պարտվել, այդ մարդուց դրական ակնկալիք ունենալ հնարավոր չէ»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը՝ շեշտելով՝ Հայաստանի իշխանության վարած անհասկանալի քաղաքականությունն է պատճառը, որ Ռուսաստանը փորձում է իր դիրքերը պահպանելու հարցում վերահսկողություն ունենալ Սյունիքում, իսկ Իրանը քննարկում է Հայաստանի փոխարեն Սյունիքը պաշտպանելու հարցը՝ հանուն իր պետական շահի։

«Օրինակ, Իրանում չեն հասկանում, եթե Սյունիքի ուղղությամբ հարձակում լինի, Հայաստանն ի՞նչ է անելու։ Մի մասը կարծում է, որ Հայաստանին պետք է զինել, մյուս մասը պնդում է՝ Սյունիքում Իրանն ունի կենսական շահեր, ուստի պետք է գնալ լուրջ գործողությունների և, օրինակ, թիրախային հարվածներ հասցնելով, մոտովորապես այնպիսին, ինչպիսին հասցրեցին Սիրիայում, Պակիստանում։ Ակնհայտ է մեկ բան՝ Իրանը շարժվում է իր առաջնահերթություններով, իսկ Հայաստանի իշխանությունը հայկական շահից բխող առաջնահերթություններով շարժվելու փոխարեն՝ մեր երկիրը վերածել է տարածքի, որը տարբեր քաղաքական կենտրոններ օգտագործում են իրենց շահերի համար»,- ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով՝ հենց նման քաղաքականությունն է պատճառը, որ ՀՀ իշխանության հետ հույս չեն կապում ո՛չ արտաքին խաղացողները, ո՛չ Հայաստանի ներսում՝ անգամ նրանց ընտրածները։

Մանրամասները՝ տեսանյութում։



Նման նյութեր