Ո՛չ, հարկատուն հերոս չէ՛, հերոսը հանուն հայրենիքի կյանքը չխնայա՛ծն է․ Արսեն Գրիգորյան
Advertisement 1000 x 90

Ո՛չ, հարկատուն հերոս չէ՛, հերոսը հանուն հայրենիքի կյանքը չխնայա՛ծն է․ Արսեն Գրիգորյան

Տարբեր պատկերացումներ կան, թե ով է հերոսը։ Օրինակ, այս իշխանությունը մի թեզ է տարածում, թե սովորական քաղաքացին, հարկատուն կարող է հերոս լինել։ Սա ոչ թե այն պատճառով, որ արժևորվի հարկ վճարող քաղաքացին, այլ՝ հակառակը։ Այսինքն, դարերի ընթացքում հայապաշտպանության նվիրյալ, հայրենիք և պետականություն կերտող այն կերպարները, որոնք մեզ համար միշտ հերոսներ են եղել, որոնցով մենք առաջնորդվել ենք, փոխարինվում են սովորական հարկատուներով։ Բոլորս հարկատու ենք, շատերը դրսից եկել, Հայաստանում գործ են դրել, դա արտառոց երևույթ չէ, հերոսություն չէ, այլ քաղաքացու սովորական պարտականությունը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը։

«Եթե ես աշխատում եմ, պիտի հարկ վճարեմ, քանի որ գիտեմ՝ կան երեխաներ, որոնք պիտի նպաստ ստանան, ծերունիներ, որոնք պիտի թոշակ ստանան, բանակին պիտի գումար գնա։ Յուրաքանչյուր հասարակության մեջ սա սովորական երևույթ է։ Այն մարդը, որն իր անձը դարձնում է միջոց՝ ծառայելու պետությանը և ազգին, ամենահասարակ հայն է։ Գարեգին Նժդեհն ասել է՝ անձը միջոց է, ազգը՝ նպատակ։ Իսկ այն հայը, որն իր կյանքը չի խնայում հանուն հայրենիքի պաշտպանության և մեր ազգային անվտանգության՝ հերոս է։ Երեխան ինչո՞վ պիտի առաջնորդվի, ո՞ր կերպարն է իր համար հերոսական՝ Սասունցի Դավիթը, Անդրանիկը, Նժդեհը, Մենուան, Վարդան Ամալյանը, մյուս բոլոր տղաները, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր անցյալի, ներկայի և գալիքի, մեր պետության ու հայրենիքի պաշտպանության, մեր երազանքների իրականացման ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար»,- ասաց արվեստագետը։

«Վերադառնանք այն դարեր, երբ պետականություն չենք ունեցել, հետևաբար՝ իշխանություն չենք ունեցել, կային ընդամենը բդեշխներ կամ այլ դրսևորումներ։ Այն արժեքները, որոնք այսօր ոտնահարվում են, նսեմացվում, փորձ է արվում դրանք հանել մեր միջից, հենց այդ արժեքներն են մեզ պահել մեր տեսակի մեջ։ Այսօր գիտակցումն է կարևոր՝ այդ արժեքներն արդյոք ուղղակի սովորական երևույթնե՞ր են, թե՞ իսկապես կարևոր արժեքներ են ազգի հարատևման, մեր տեսակի և ինքնության պահպանման համար։ Այդ արժեքները կարևոր են, բայց քաղաքական նպատակներով խոսվում է, օրինակ, օրհներգի փոփոխության մասին։ Որոշ խելացի և պատկառելի երաժշտագետներ ասում են՝ մեր օրհներգի երաժշտությունը վարընթաց է, ոչ թե վերընթաց։ Այսօր այդ ամենի ժամանա՞կն է։ Դա բոլորովին կապ չունի երաժշտական օրինաչափությունների հետ։ Նույնը՝ զինանշանի դեպքում»,- նշեց Գրիգորյանը։

Արտիստի պնդմամբ՝ մեր երազանքները դարեր շարունակ մեզ ապրեցրել են, մեր արժանապատվությունն է մեզ պահել մեր ինքնության մեջ, և դրանից հրաժարվելն անկարելի է․ «Իշխանությունն այսօր փորձում է քաղաքական նպատակներով մեր միջից, հայ իրականությունից վերացնել մեր արժեքները։ Դա միայն Հայաստանին չի վերաբերում, այս արժեքներն ամբողջ աշխարհի հայությանն են պահում։ Սա միայն պետության կամ ՀՀ-ում ապրող հայերի հարցը չէ, սա ամբողջ աշխարհի հայության հարցն է։ Պետք է գիտակցել, որ այդ քաղաքական նպատակների դիմաց մենք պետք է բարոյական, հոգևոր և ազգային պայքար տանենք։ Անընդհատ ասում են՝ սա աշխարհաքաղաքական խնդիր է։ Այն հարցերը, որոնք կապ ունեն մեր ինքնության հետ, աշխարհաքաղաքական չեն, մեր տանն են կատարվում»:

«Պետք է առաջնորդվել ոչ թե ընդդեմի, այլ հանունի գաղափարներով, իսկ դա ազգային ինքնության պահպանումն է։ Բարոյական ու ազգային արժեքները, արժանապատվությունը պետք է փորձենք պահել ինքներս մեր մեջ, դա է մեզ բերել-հասցրել այսօրվան։ Հաստատության ամեն հաջորդ տնօրեն իրավունք չունի ամեն ինչ փոխելու, հիմքերին դիպչելու։ Այդպես էլ մենք՝ արժեքներ կան, որոնք սրբության պես են մեզ համար»,- ամփոփեց Արսեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում



Նման նյութեր