Փաշինյանը շատ լավ գիտի՝ Ռուսաստանն ի՞նչ կանի՝ Հայաստանում իշխանություն փոխելու համար. Սուրենյանց
Advertisement 1000 x 90

Փաշինյանը շատ լավ գիտի՝ Ռուսաստանն ի՞նչ կանի՝ Հայաստանում իշխանություն փոխելու համար. Սուրենյանց

Օրերս Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ ու ՔՊ-ականներին պատմել, թե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում իշխանափոխություն անել, Հայաստանը դարձնել միութենական հանրապետության մաս։

Այդ հանդիպումից օրեր անց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, Ազգային ժողովի միջանցքներում իրենց հանդիպած լրագրողներին՝ անգիր արած, Փաշինյանի ասած տեքստն էին պատմում՝ Ռուսաստանի կողմից ՀՀ-ում իշխանափոխության պլանի և միութենական հանրապետության վերականգնման մասին։

168.am-ի հետո զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, խոսելով Փաշինյանի, նրանից հետո ՔՊ-ականների կողմից տարածած այս թեզերի մասին, դրանք համարեց կեղծ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից նման ցանկություն լինելու դեպքում կհետևեին իրական և տեսանելի քայլեր, որոնք չկան։

«Ռուսները թիրախային հարված հասցնելու մի քանի տարբերակ ունեն՝ տնտեսություն, Ադրբեջանի ձեռքով պատժում և այլն։ Ես չեմ տեսնում քայլեր, որոնք ցույց կտան, թե Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Հայաստանում իշխանափոխության։ Նման բան իրագործելու համար Ռուսաստանն ունի անհրաժեշտ գործիքակազմ։ Ավելին՝ Փաշինյանը շատ լավ գիտի, թե Ռուսաստանն ի՞նչ կարող է անել իշխանափոխության հասնելու համար։ Լարսի փակումը, գազի գնի բարձրացումը, միջուկային վառելիքի մատակարարման դադարեցումը, ինչի հետևանքով Հայաստանի ատոմակայանը կկանգնի: Կամ Ռուսաստանում ապրող հայերի համար խնդիրների ստեղծումը՝ գումարներ ուղարկելու հարցում:

Սրանք բոլորը քայլեր են, որոնք կարող է կիրառել։ Դրանցից որևէ մեկն էլ գործի դրվի, 5-6 օրում Հայաստանում սոցիալական լարվածություն կառաջանա, որովհետև մեր տնտեսությունը 80 տոկոսով կախված է Ռուսաստանից»,– ասաց Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է միութենական հանրապետության վերականգնման մասին ՔՊ-ականների հայտարարություններին՝ ապա, ըստ Սուրենյանցի, առանց որևէ փաստական հանգամանքի կամ պաշտոնյայի ասածի վրա հղման, ՔՊ-ականների կողմից նման լուրերի տարածումը, Ռուսաստանին նման բանի մեջ մեղադրելը տխմարություն է՝ հորինված Արևմուտքի կողմից՝ Ռուսաստանի դեմ կիրառվող ճնշումներն արդարացնելու համար։

«Ռուսաստանը ցանկություն և ռեսուրս չունի իր վրա վերցնելու մի շարք երկրների տնտեսական խնդիրների լուծումը, այնպես որ, դա միֆ է՝ հորինված Ռուսաստանի դեմ ճնշումներն արդարացնելու նպատակով»,- ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 



Նման նյութեր