«Երջանիկ է ոչ թե նա, ով զբոսնում է հարթ և տրորված ճանապարհով, այլ նա, ով երբեմն նույնիսկ սայթաքելով ընկնում է ու ջարդվածքներ ստանում, ամրանալով նյութի դժվարության, իր առջև դրած խնդիրների դժվարության դեմ մղած պայքարում, արվեստի նոր, անսպառ շերտերի յուրացման, ծանրամիտների քարացածության դեմ մղված պայքարում և պայքարում, որը տարվում է վերջնական համարվող տեսակետի դեմ»: Հենրիկ Իգիթյան
Հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանը ծնվել է 1932 թվականի մարտի 5-ին, Թբիլիսիում: Հետագայում Իգիթյանների ընտանիքը բնակություն է հաստատում Երևանում, որտեղ էլ Հենրիկը ստանում է միջնակարգ կրթություն՝ Կիրովի անվան դպրոցում։ Գեղարվեստի հետ բարեկամությունը մանկությունից էր, սակայն դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ: 1954-1961 թվականներին աշխատել է Երևանի Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցում, սկզբում որպես ավագ պիոներջոկատավար, ապա՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1960 թվականին աշխատանքի է անցնում Հայաստանի ազգային պատկերասրահի հայ արվեստի բաժնում։ Այնուհետև ընդունվում է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը։ Հայաստանի ազգային պատկերասրահն օգնեց նրան խորանալու դասական և ժամանակակից կերպարվեստի մեջ, խորապես հետազոտել հատկապես Հովնաթանյանների արվեեստը, որը նրան շատ հոգեհարազատ էր։
Հենրիկ Իգիթյանի շնորհիվ հայտնի են դարձել մի շարք երիտասարդ նկարիչների անուններ, որոնք հետագայում ձևավորեցին ազգային գեղարվեստի նոր միտումները` սկզբնավորելով մի նոր դպրոցի ծնունդ։ 1960-ական թվականները նշանավորվեցին որպես ազգային մշակույթի և արվեստի վերազարթոնքի տարիներ։ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արա Սարգսյանի, Մհեր Աբեղյանի, Էդուարդ Իսաբեկյանի հզոր ներկայությամբ ձևավորվում էր մի նոր սերունդ, որն իր առաջնորդի և տեսաբանի կարիքն ուներ։ Հենրիկ Իգիթյանը դարձավ այդ սերնդի տեսաբանն ու առաջնորդը, նա կերպարվեստագիտության մեջ գոյություն ունեցող մի շարք կարծրատիպեր կոտրեց, պատկերացումներ ձևավորեց արդի նկարչության մասին` պաշտպանելով ամեն մի փորձարարություն և նորարարություն։
1970 թվականին իր կնոջ՝ Ժաննա Աղամիրյանի հետ Հենրիկ Իգիթյանը Երևանում հիմնադրեց մանկական պատկերասրահ` այստեղ հավաքելով և ներկայացնելով տաղանդավոր երեխաների ստեղծագործությունները։
1978 թվականին այս պատկերասրահը դարձնելով առանցք` Հենրիկ Իգիթյանը հիմնադրեց Գեղագիտական դաստիարակության կենտրոն, որն այժմ կոչվում է Գեղագիտության ազգային կենտրոն գեղարվեստական բազմազան արվեստանոցներով։