Լուսինն աստիճանաբար հեռանում է Երկրից․ հետաքրքիր փաստեր Լուսնի մասին
Advertisement 1000 x 90

Լուսինն աստիճանաբար հեռանում է Երկրից․ հետաքրքիր փաստեր Լուսնի մասին

Լուսինը կարող է անհետաքրքիր թվալ, սակայն այն ազդում երկրային կյանքի վրա շատ առումներով՝ սկսած Լուսնի լույսից մինչև դրա ստեղծած մակընթացությունները: Այն նաև ազդել է մարդկության մշակույթի վրա, արտացոլվել առասպելաբանության մեջ և օգնել է հետևելու ժամանակին: Ստորև ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ Լուսնի մասին։

Լուսինը հավանաբար առաջացել է հսկա բախման հետևանքով

Ըստ Լուսնի առաջացման ամենաընդունված բացատրության՝ Մարսի չափ մոլորակը բախվել է Երկրին դրա վաղ փուլում` ձևավորելով բեկորների ամպ, որն ի վերջո միավորվել է և ձևավորել Լուսինը։ Այս ազդեցության ապացույցները կարելի է գտնել Apollo առաքելությունների ժամանակ վերցված նմուշներում, որոնք ցույց են տալիս, որ Լուսնի կազմը նմանություններ և տարբերություններ ունի Երկրի երկրաբանական կազմի հետ:

Լուսնի փուլերը կախված են նրա դիրքից

Լուսնի փուլերը որոշվում են նրանով, թե որտեղ է գտնվում Լուսինը Երկրի և Արեգակի նկատմամբ: Եթե Երկիրը գտնվում է անմիջապես Արեգակի և Լուսնի միջև, ապա Լուսնի կողմը դեպի Երկիրը լիովին լուսավորված է, և մենք տեսնում ենք լիալուսին: Բայց եթե Լուսինը գտնվում է Երկրի և արևի միջև, ապա լուսավորված կողմը մեր համեմատ հակառակն կողմն է նայում, և դա նոր Lուսինn է, այսինքն՝ մենք ընդհանրապես չենք տեսնում Lուսինը: Նորալուսնի և լիալուսնի միջև ընկած ժամանակահատվածում Երկրից տեսանելի են Լուսնի այն մասի տարբեր հատվածներ, որոնք արևը լուսավորում է` ստեղծելով Lուսնի փուլերը:

Լուսնի «մութ» կողմն իրականում մութ չէ

Թեև մենք տեսնում ենք Լուսնի միայն մek կողմը, դրա կեսը միշտ լուսավորված է արևի կողմից, և դա սովորաբար միայն այն հատվածը չէ, որը մենք կարող ենք տեսնել (բացառությամբ լիալուսնի ժամանակ): Հետևաբար, Լուսնի «մութ» կողմը մութ է միայն Երկրի վրա մեր տեսանկյունից: Փոխարենը, ավելի ճիշտ է այն անվանել Լուսնի հեռավոր կողմ, ոչ թե մութ:

Լուսինն է ստեղծում և փոխում մակընթացությունները

Երկրի վրա մակընթացությունների հիմնական պատճառը Լուսնի ձգողականության հետևանք է։ Այս ձգողականությունը Երկրի օվկիանոսներում առաջացնում է երկու ուռուցիկություններ, որոնք ներկայացնում է մակընթացությունները՝ մեկը օվկիանոսի այն մասում, որը գտնվում է Լուսնին ամենամոտ կողմում, և մեկը՝ հակառակ կողմում:

Լուսինն աստիճանաբար հեռանում է Երկրից

Լուսնի վրա ազդում է նաև Երկիր մոլորակը և այս ազդեցության հետևանքով էներգիա է արձակվում, ինչի պատճառով Լուսինն սկսել է դանդաղորեն հեռանալ Երկրից, նույնիսկ երբ այն դեռ նոր էր ձևավորվում: Լուսինը շարունակում է Երկրից հեռանալ տարեկան մոտ 1,5 դյույմ (4 սանտիմետր) չափով: Թեև դա շատ չէ, այն կհանգեցնի նրան, որ Լուսինը միլիոնավոր տարիների ընթացքում զգալիորեն ավելի կհեռանա Երկրից:

Լուսնի վրա «լուսնային ցնցումներ» են տեղի ունենում

Շատերը, հավանաբար, պատկերացնում են, թե Լուսինը սառն է, մեռած, և հիմնականում նրանք ճիշտ են: Այնուամենայնիվ, այն ամբողջովին այդպիսին չէ: Ինչպես մեր մոլորակի տարածքները ցնցվում են երկրաշարժերից, այնպես էլ Լուսնի վրա տեղի են ունենում «լուսնային ցնցումներ», թեև դրանք սովորաբար ավելի թույլ են և ավելի երկար, քան Երկրի վրա տեղի ունեցողները: Լուսնային ցնցումները կարող են առաջանալ մի քանի գործոնների հետևանքով, այդ թվում՝ երկնաքարերի հարվածների, ջերմաստիճանի փոփոխությունների, Երկրի ձգողականության և Լուսնի արտաքին կառուցվածքային հատկությունների:

Լուսնի տեսքի վրա կարող է ազդել Երկրի լույսը

Պարզ գիշերվա ժամանակ կարող եք նկատել, որ թեև Լուսնի միայն մի մասն է լուսավորված, կարելի է տեսնել նաև Լուսնի մնացած մասի թույլ լուսավորված շրջանը: Դա պայմանավորված է Երկրից արձակվող լույսով։ Ինչպես Լուսնից է լույս առաջանում արևի լույսն արտացոլելու արդյունքում, այնպես էլ Երկիրն է արտացոլում արևից ստացված լույսի մի մասը:

Լուսինը յուրահատուկ հոտ ունի

Լուսինը չունի մթնոլորտ և, հետևաբար, օդ: Այնուամենայնիվ, Apollo 11 առաքելության տիեզերագնացները զարմացել են, երբ հայտնաբերել են, որ Լուսինը հոտ ունի, որը կպել էր նրանց տիեզերական հանդերձանքին, սարքավորումներին և լուսնային նմուշներին, որոնք նրանք հավաքել էին: Այս առաքելության տիեզերագնացներն ասել էին, որ այդ հոտը նման է մետաղի հոտին, այրված վառոդի կամ ճայթուցիկի արձակումից հետո օդի հոտին: Հոտը հավանաբար առաջացել է լուսնային փոշու և օդի թթվածնի միջև եղած քիմիական ռեակցիայի հետևանքով: Այնուամենայնիվ, Երկրի վրա լուսնի նմուշներից հոտ չի գալիս, ուստի դա պետք է որ ժամանակավոր ռեակցիայի պատճառով առաջացած լինի:

tech.news.am