Forbes-ը բացահայտել է 2023 թ-ին ամենից շատ գումար վաստակած դերասանների անունները։ Ցուցակը գլխավորում է Ադամ Սենդլերը։ Ըստ պարբերականի՝ Սենդլերի եկամուտը նախորդ տարվա ընթացքում կազմել է 73 միլիոն դոլար։ Դերասանն ունի իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Happy Madison Productions-ը, որը զբաղվում է իր ֆիլմերից շատերի արտադրությամբ։ Բացի այդ, 57-ամյա Սենդլերը 2020-ին երկարաձգել է Netflix-ի հետ իր պայմանագիրը, որով համագործակցելու են եւս 4 ֆիլմերի շուրջ։
Երկրորդ հորզինականը պատկանում է «Բարբի» ֆիլմի աստղ Մարգո Ռոբբիին, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերն էր։ Դերասանուհու տարեկան եկամուտը նշվել է 59 միլիոն դոլար։ Երրորդում 45 միլիոն դոլարով Թոմ Քրուզն է։
Ցուցակը շարունակում են Ռայան Գոսլինգը եւ Մեթ Դեյմոնը (43 միլիոն դոլար), Ջենիֆեր Էնիսթոնը (42 միլիոն դոլար), Լեոնարդո ԴիԿապրիոն եւ Ջեյսոն Սթեթհեմը (41 միլիոն դոլար), Բեն Աֆլեքը (38 միլիոն դոլար) եւ տասնյակը եզրափակում է Դենզել Վաշինգթոնը (24 միլիոն դոլար):