Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել էր Տավուշի մարզ։ Նա հանդիպում է ունեցել մարզի Ոսկեպար, Բաղանիս ու Կիրանց բնակավայրերի բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը գյուղերի բնակիչներին ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ներկայացրած քարտեզի մակետը։ Անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը խոստացել էր այցելել Տավուշ և զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։
Այս այցով ըստ էության սկիզբ է դրվում այդ գյուղերը հանձնելու գործընթացը։ Ուշագրավն այն է, որ այս «ապագան» հենց այդ բնակավայրերի բնակիչներն են ընտրել, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Օրինակ Կիրանց համայնքում ՔՊ–ի օգտին քվեարկել է 140 ընտրող, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 2, իսկ «Հայաստան» դաշինքը ստացել է 17 քվե։
Ոսկեպարում էլ ՔՊ–ն ստացել է 285 ձայն, «Պատիվ ունեմ»–ը՝ մեկ, իսկ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է 41 մարդ։ Բաղանիսում ևս խորհրդարանական ընտրություններում հաղթել է ՔՊ–ն։ Իշխող կուսակցության օգտին քվեարկել է 274 մարդ, «Պատիվ ունեմ»–ը ստացել է 11 քվե, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 71:
irakanum.am