Այսօր նշվում է թատրոնի միջազգային օրը։ Չնայած այն բանին, որ Երևանում փակվում և/կամ մեկ այլ թատրոնի է միացվում մի ուրիշ թատրոն, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է․
«Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, բարոյահոգեբանական նկարագրով, արժեհամակարգով և գեղագիտական ընկալումներով։ Թատրոնը նաև այն ճանապարհներից մեկն է, որը հասարակությանը տանում է դեպի կատարելագործում, ինքնակրթում և հոգևոր ապաքինում»։
ArmLur.am-ը այս առթիվ կապ հաստատեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ, ով կայքի հետ զրույցում նշեց, որ նա «թքած ունի» Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքների վրա։
«Ժաննա Անդրեասյանը չնչին աղջիկ է։ Ես թքած ունեմ իր շնորհավորանքերի վրա, որովհետև ինքը թշնամի է։ Մի բան ասում է, մյուս բանն անում։ Անիմաստ աղջիկ է, կատարածու»,- ասաց գեղարվեստական ղեկավարը։
Սահակյանի խոսքով՝ Անդրեասյանը տեղյակ չէ, որ նա ԿԳՄՍ նախարարի պաշտոնին ժամանակավոր է։
«Գիտե՞ք ինչ, նա տեղյակ չի, որ ժամանակավոր է, բայց նա նաև զոհ է։ Վաղն առավոտը բացվելու է և այդ ամենի համար պատասխաններ պետք է տրվի։ Հիմա այդ աղջիկը պատասխան պետք է տա, բայց ոչ միայն այդ աղջիկը, այլև բոլոր այդ մորուքով աղջիկ տղաները, որոնք հիմա քանդում են ամեն ինչ»,- ասաց Սահակյանը՝ սահմանափակելով զրույցը։