Մարտի 28-ին ադրբեջանական հեռուստատեսությամբ (AzTV) պետք է ցուցադրվեր Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որը ներկայումս ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում: Սակայն վերջերս հայտարարված հարցազրույցը անցած գիշեր եթեր չի հեռարձակվել։
Ինչպես կայքին հայտնել է հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը, թեև նախապես հայտարարվել էր, որ հիշյալ հարցազրույցը եթեր կհեռարձակվի մարտի 28-ին, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հեռացվել է AzTV-ի սոցցանցերի էջերից:
«Հարցազրույցի հեռարձակումը միայն մեզանից չի կախված։ Մենք մտածում ենք այն հարցի շուրջ, թե որքանով է նպատակահարմար այն հրապարակել հիմա: Երեկ մենք նույնիսկ չհայտարարեցինք, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան եթերում։ Ճիշտ է՝ մարտի սկզբին մենք հայտարարություն տվեցինք, սակայն ավելի ուշ պարզվեց, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշակի հստակեցումներ են անհրաժեշտ։ Այսպիսով, հեռուստադիտողներին թյուրիմացությունից զերծ պահելու համար մենք հեռացրինք գովազդները մեր սոցիալական ցանցերի էջերից:
Երեկ կայքերում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունն, ըստ էության, հղում էր մարտի սկզբին արված անոնսին, որը ջնջվել էր։ Քաղաքացիները, կարծես, համոզված էին, որ հարցազրույցն անպայման եթեր կհեռարձակվի մարտի 28-ին», – ասել է նա։
Միաժամանակ Ռ. Սեիդովը նշել է, որ հարցազրույցը կհրապարակվի․ «Ցուցադրությունն անպայման տեղի կունենա, բայց երբ, պարզ չէ։ Երբ ժամանակը հայտնի լինի, մենք կհայտնենք հարցազրույցի օրվա մասին», – հավելել է նա։