ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանների գործունեության նկատմամբ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության։
Հաշվի առնելով վերոնշյալ իրավախախտումը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել, և համայնքի միջոցով բենզալցակայանն ապամոնտաժվել է։
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են կատարել նաև ՀՀ, Լոռու մարզ, Մարգահովիտ 24 փող․ 2, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, տուն 177 հասցեներում գտնվող, անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար:
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նաև վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։