«Մի եղեք Սուսաննա Գզոգյանի պես…»
Advertisement 1000 x 90

«Մի եղեք Սուսաննա Գզոգյանի պես…»

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատավոր Սուսաննա Գզոգյանը երեկ Նարեկ Մալյանի դատավարության ժամանակ նախ չթողեց, որպեսզի Նարեկը հնչեցնի վերջին խոսքը, որի իրավունքը նա միանշանակ ուներ, այնուհետև հայտարարեց, որ այսուհետ դատական նիստը պետք է լինի դռնփակ և դուրս հրավիրեց բոլորիս դատարանի դահլիճից՝ այդ թվում նաև լրագրողներին:

Սուսաննա Գզոգյանը դատի ամբողջ ընթացքում գերլարված էր, մտորումների մեջ էր, ապա ինչ-որ սմս-ներ էր գրում, ակնհայտ էր, որ մտահոգ է:

Տիգրան Աթանեսյանն իր ելույթի ժամանակ մի հետաքրքիր ինֆորմացիա հայտնեց, որը ես մի փոքր ուսումնասիրեցի, թե այդ որ քրեական հեղինակության նկատմամբ է Սուսաննա Գզոգյանը կիրառել գրավ՝ ազատելով կալանքից:

Պարզեցի, որ Գզոգյանը գրավի կիրառմամբ կալանքից ազատ է արձակել առանձնապես ծանր հանցագործության՝ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ):

Գզոգյանն այս որոշումը կայացրել է այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից ուղիղ միջամտություն է իրականացվել քննությանը, ապօրինի ազդեցություն է իրականացվել գործով վկաների նկատմամբ, նրա կողմից վերահսկվել ու նյութապես շահագրգռվել է նախաքննական մարմինը։
Գզոգյանը, սակայն, որոշել է, որ տվյալ անձը չպետք է մնա կալանքի տակ, իսկ Նարեկ Մալյանը պետք է մնա, քանի որ… զուտ քաղաքական պատճառով, այդպես են, երևի, հրահանգել:

Սուսաննա Գզոգյանը գրավ է կիրառել Վահագն Աբգարյանի դեպքում այն պայմաններում, երբ գրավի միջնորդության դեմ առարկություն ներկայացնող դատախազը դատարանին տրամադրել է այդ գործով կարևոր վկաներից մեկի ցուցմունքը, որով փաստվում է արդեն դատաքննության ընթացքում վկայի վրա անօրինական ազդեցությունը, մասնավորապես ՌԴ տարբեր քաղաքներում վկայի հետ հանդիպումներ, անուններ, հեռախոսահամարներ, վկայի կողմից դատարանում ասվելիքի թելադրում և այլն։

Սուսաննա Գզոգյանն այս դեպքում որոշել է, որ մեղադրյալը, չնայած որ ծանր հանցանքի մեջ է մեղադրվում, ազդեցություններ է գործադրում վկաների վրա, նախկինում դատվածություն է ունեցել, կարող է մնալ ազատության մեջ, բայց Նարեկ Մալյանն, ով երբևէ դատվածություն չի ունեցել, անհասկանալի է մինչ օրս, թե ինչի մեջ է մեղադրվում, չի կարող մնալ ազատության մեջ, քանի որ… քաղաքական պատճառ կա:

Ես հիմա տեղադրում եմ Սուսաննա Գզոգյանի լուսանկարը (ելնելով կանացի սոլիդարությունից՝ սիրուն նկար եմ դնում), որպեսզի բոլորը դեմքով ճանաչեն դատավորին, ով ոչ միայն գերէմոցիոնալ է դատավոր աշխատելու համար, այլ նաև ակնհայտորեն կապ չունի արդարադատության, օրինականության հետ:

Մի եղեք Սուսաննա Գզոգյանի պես…»։