Փորձագետները նշել են ապրելու համար ամենաթանկ քաղաքն աշխարհում, գրել է World of Buzz-ը։ Ռեյթինգը կազմելիս մասնագետները հաշվի են առել գների աճը եւ բազմաթիվ այլ գործոններ։
The Economist Intelligence Unit (EIU) ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներով՝ Սինգապուրը զբաղեցրել է ապրելու համար ամենաթանկ քաղաքների ռեյթինգի առաջին տեղը։ Նրան հաջորդել են Ցյուրիխը, Ժնեւը, Նյու Յորքը, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Փարիզը, Կոպենհագենը, Թել Ավիվը եւ Սան Ֆրանցիսկոն։
Կյանքի արժեքի վերաբերյալ հետազոտությունը EIU-ի կողմից իրականացվում է տարեկան երկու անգամ։ Ընկերության փորձագետները համեմատում են 200 ապրանքների եւ ծառայությունների ավելի քան 400 գներ 173 քաղաքներում։ Այս աշխատանքն իրականացվում է արդեն 30 տարի։
Հատկանշական է, որ Սինգապուրը ռեկորդակիրն է ռեյթինգում առաջին տեղն զբաղեցնելու քանակով։ Վերջին 11 տարում այդ քաղաքը ինն անգամ ճանաչվել է ապրելու համար ամենաթանկ քաղաքը։