Wi-Fi կապի բաց ցանցերը կարող են վտանգավոր լինել, քանի որ հայտնի չէ, թե ով և ինչ նպատակով է դրանք ստեղծել։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է Zecurion վերլուծական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ուլյանովը։
Նրա խոսքով` եթե հանրային Wi-Fi-ին միացած օգտատերը մուտքագրի որևէ մուտքանուն, գաղտնաբառ և այլ գաղտնի տվյալներ, դրանք կարող են հայտնվել խաբեբաների ձեռքում։ Մասնագետը խորհուրդ է տալիս էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր և վճարումներ կատարելու նպատակով հավելվածներ մուտք գործել միայն սեփական բջջային ինտերնետի միջոցով։
«Ես կոչ չեմ անում մարդկանց դադարեցնել հանրային Wi-Fi կետերից օգտվելը: Դա պարզապես պետք է անել շատ զգույշ: Եթե ստիպված լինեք միանալ նման ցանցի, ապա ավելի լավ է այն օգտագործել միայն անվտանգ գործողությունների համար: Օրինակ՝ նայել քարտեզը, ստուգել եղանակը կամ նորություններ կարդալ: Որոշ տվյալներ կարող եք մուտքագրել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, եթե շտապ ինչ-որ բան անելու կարիք ունեք, սակայն չեք կարող միանալ ձեր սեփական ցանցին»,- եզրափակել է Ուլյանովը։
Positive Technologies-ի ցանցային անվտանգության ղեկավար Դենիս Բատրանկովն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հայտնաբերվել է հաքերների ստեղծած անվճար Wi-Fi մուտքի կետ, որը նրանք օգտագործել են Telegram մեսենջերի օգտահաշիվները գողանալու համար: