Համացանցում այսօր առավոտվանից ակտիվորեն տարածվում է մի հաղորդագրություն, ըստ որի` երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանը գրում է, որ դա ֆեյք լուր է։
«Ինչպե՞ս ստուգել, որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ, տարածվել է մեկ ամիս առաջ»,- գրել է մեդաիաանվտանգության փորձագետը։
Ամեն դեպքում ԿԳՄՍՆ–ն իրավապահներին տեղեկացրել է դպրոցներում նախապատրաստվող ահաբեկչության մասին տարածվող տեղեկության մասին ՝ խնդրելով ստուգել այն։
«Այս պահին դպրոցներում դասերը շարունակվում են, բայց մենք իրավապահներին խնդրել ենք ստուգել հաղորդումները», – Sputnik Արմենիային հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անցկացնում բոլոր դպրոցներում, այս պահին ԱԱԾ-ի ու ոստիկանության աշխատակիցներ կան նաև Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, նրանք սպասում են տնօրենին։