NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին։
Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը՝ հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից ձորակի տարածքում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։