Aravot.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի բնակիչ Ա.Զ-ն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ Զովունի գյուղի դպրոցի տնօրենի ցուցումով՝ փոխտնօրեն Գեղանուշ Հակոբյանը օրեր առաջ վատ վերաբերմունք է ցուցաբերել իր 13-ամյա աղջկա նկատմամբ, նրան լացեցրել է, գոռացել վրան և հետապնդել երեխային, քանի որ իր և տնօրենի միջև լարվածություն կա:
Ըստ ահազանգող քաղաքացու՝ դեպքը կրում է պարբերական բնույթ, որի վերաբերյալ ինքը բազմիցս ահազանգեր է ներկայացրել, սակայն անչափահասների գծով տեսուչը ոչինչ չի անում: Երեխայի մայրը նաեւ հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ դպրոցի փոխտնօրեն Գեղանուշ Հակոբյանը հոգեբանական ճնշում է գործադրում իր անչափահաս դստեր վրա:
Զովունու դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հոգեբանական ճնշում երեխայի նկատմամբ երբեւէ հաստատ չի եղել.
«Իսկ լարվածություն որեւէ ծնողի կամ աշակերտի հետ չունեմ ու երբեւէ չեմ ունեցել: Ինչ վերաբերում է ՝ ծնողն իր մեջ ինչ-որ բան գցում-բռնում ու որոշում է, ես իրեն բազմիցս ասել եմ՝ թող գա, հասկանանք՝ ինչն է իր խնդիրը:
Բազմիցս եկել է, մեզ վիրավորել է, անպատվել է, վատ բառեր է ասել տարբեր պատճառներով. իմ երեխան ինչո՞ւ պետք է դասարանը մաքրի, այն դեպքում, երբ դասարան չի մաքրում, մեր դպրոցում կա հինգ հավաքարար, որոնք մաքրում են ամբողջ դպրոցը՝ դասարաններով:
Գուցե մի անգամ իր երեխան դասի ժամին գրատախտակ մաքրի: Կամ մի մեծ փոթորիկ բարձրացրեց՝ ինչու դպրոցը պետք է անցնի կաբինետային համակարգի, ի՞նչ եք կարծում՝ կա՞ այստեղ փոթորկի թեմա: Կամ՝ մի անգամ էլ եկավ դռան մոտ, իբրեւ թե ծնողներով ցանկացել են իմ հետ զրուցել, դասի եմ եղել, ասել եմ՝ թող սպասեն մինչեւ քիչ անց զանգը տա, գամ աշխատասենյակ, իրենք էլ գան: Այդ ընթացքում պահակին այնպես էր անպատվել, ֆիզկուլտուրայի ուսուցչին ծաղիկներով խփել էր:
Ինչ անում է, իր խնդիրն է, բայց մենք մանկավարժներ ենք, մենք երեխայի նկատմամբ ունենք շատ լավ վերաբերմունք, այդ երեխան իրեն դպրոցում վատ չի զգում, ժպիտը միշտ դեմքին: Նույնիսկ եթե ծնողն իրեն սխալ է պահում, ես կարո՞ղ եմ երեխայի հետ հարց լուծել, դա հակամանկավարժական է, ես թույլ չեմ տա, որ իմ դպրոցում նման բան լինի: Իր երեխան երբեք դպրոցում չի լացել, ես նման բան ոչ տեսել եմ, ոչ լսել եմ: Շատ ակտիվ, ինքնավստահ երեխա է»:
Տիկին Հարությունյանի խոսքով, ոստիկանություն ահազանգած կինը կոնֆլիկտային ծնող է ու իր պարբերական բողոքների ու այլ ծնողներին բողոքել հրահրելու պատճառով՝ իր երեխայի համադասարանցիներից մի քանիսը ստիպված կամ դպրոցից են հեռացել, կամ դասարանն են փոխել.
«Մեկ ուսուցիչ թողել է դասարանը այդ ծնողի պատճառով, մեկ աշակերտ դպրոցն է փոխել այդ ծնողի պատճառով, մեկ այլ աշակերտ տեղափոխվել է մյուս դասարան, որովհետեւ այդ ծնողը ոչ աշխատանքային ժամերի զանգում է, ծնողներին անհանգստացնում է, ուսուցիչներին էլ է նման կերպ զանգում. զանգում է՝ ասում է եկեք, բողոքեք»:
Տնօրենը նաեւ հավելեց, որ տվյալ ծնողի վատ տրամադրվածությունը դպրոցի աշխատակազմի նկատմամբ ազդում է նաեւ իր երեխայի վրա, երեխան ագրեսիվ է դառնում ուսուցիչների հետ խոսելիս, օրինակ` մի անգամ ուսուցիչներից մեկից հետաքրքրվել է՝ «իսկ դու բարձրագույն կրթություն ունե՞ս, որ եկել ես»:
Ըստ տնօրենի՝ երեխայի հետ զրուցել է հենց փոխտնօրեն Հակոբյանը, որին տվյալ ծնողը մեղադրում է հոգեբանական ճնշում իր երեխայի նկատմամբ գործադրելու մեջ: Ըստ տնօրենի՝ փոխտնօրենի հետ զրուցելուց հետո երեխան խաղաղվել ու հեռացել է: