ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ճանաչողական այց է կատարել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որտեղ ներկայացվել են կատարված աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրված PET և նոր սերնդի SPECT սարքերը եզակի են մեր հանրապետությունում, իսկ ցիկլատրոնը` տարածաշրջանում: Նախարարին զեկուցվել է նաև մնացյալ աշխատանքների ծավալները և քայլերի հերթականությունը:
Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ Հայաստանում բացակայում է նման կենտրոնների շահագործման փորձը, հետևաբար վերջինի պոտենցիալի ամբողջական բացահայտումը կարող է իրականացվել միայն փոխշահավետ միջազգային համագործակցության արդյունքում, այդ թվում՝ նաև օգտագործելով Սփյուռքի կարողությունները: Որպես համագործակցության օրինակ՝ նախարարը նշել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման հանձնելը համապատասխան փորձառություն ունեցող միջազգային կազմակերպությանը, որի արդյունքում կապահովվի բժշկական ծառայությունների բարձր որակը, հիվանդների ա նվտանգությունը, արտադրված ռադիոնուկլիդների տեսականու ընդլայնումը և կենտրոնի արտադրանքի հնարավոր արտահանումն այլ երկրներ: