Բեյլորի բժշկական քոլեջի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են, որ մշտապես հեծանիվ վարող մարդկանց ծնկները հազվադեպ են ցավում, եւ նրանց մոտ հազվադեպ է օսթեոարթրիտ առաջանում։ Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Medicine & Science in Sports & Exercise (MSSE) ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 45-79 տարեկան ավելի քան 2 600 մարդ։ Նրանց խնդրել են պատմել, թե ինչ ֆիզիկական ակտիվությամբ են նրանք ավելի հաճախ զբաղվել դեռահասության (12-18 տարեկան), երիտասարդության (19-34) եւ հասուն (35-49) տարիքում։ Մասնակիցները նաեւ նշել են, թե որքան հաճախ են հեծանիվ քշել, մարզվել հեծանվատրենաժորով կամ զբաղվել հեծանվասպորտով։
Մասնակիցների առողջության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալուց հետո հետազոտողները պարզել են, որ մշտապես հեծանիվ վարող մարդկանց մոտ կյանքի որոշակի պահին ցածր է եղել ծնկահոդի ռենտգենոլոգիական օսթեոարթրիտի (ROA) եւ ախտանշանային ռենտգենոլոգիական օսթեոարթրիտի (SOA) առաջացման հավանականությունը։ Օսթեոարթրիտը բնորոշվում է հոդի սինովիալ թաղանթի բորբոքմամբ, որի հետեւանքով քայքայվում են կռճիկային եւ ոսկրային հյուսվածքները։
Գիտնականները պարզել են, որ հեծանվի սիրահարների մոտ 17 տոկոսով ավելի հազվադեպ են առաջացել ծնկի ցավեր, 9 տոկոսով ավելի հազվադեպ՝ ROA եւ 21 տոկոսով հազվադեպ՝ SOA։ Նրանք նաեւ ավելացրել են, որ հեծանիվ վարելու սովորությունն ամբողջ կյանքի ընթացքում կապված է եղել օսթեոարթրիտի առաջացման հավանականության էլ ավելի զգալի նվազման հետ։