Հոլիվուդյան աստղ Սքարլեթ Յոհանսոնը «ցնցված» եւ «վրդովված» է, քանի որ OpenAI-ը գործարկել է չաթ-բոտ, որի ձայնը «ահավոր նման է» իր ձայնին, հայտնում է BBC-ն:
Երբ անցյալ շաբաթ հայտնվեց չաթ-բոտի նոր մոդելը, որը կոչվում էր Sky, շատերը շտապեցին համեմատություններ անել չաթ-բոտի ձայնի եւ 2013 թվականին նկարահանված Her ֆիլմում Յոհանսոնի ձայնի միջեւ:
Երկուշաբթի օրը OpenAI-ը հայտնել էր, որ հեռարձակելու ձայն՝ պնդելով, որ այն աստղի ձայնի «իմիտացիա» չի լինելու:
Այնուամենայնիվ, Յոհանսոնը մեղադրել է ընկերությանը եւ դրա հիմնադիր Սեմ Ալթմանին իր ձայնը կանխամտածված պատճենելու մեջ։
«Երբ ես լսեցի թողարկված դեմոն, ես ցնցված էի, զայրացած եւ չէի կարողանում հավատալ, որ պարոն Ալթմանը օգտագործել է այնպիսի ձայն, որն այնքան նման է իմ ձայնին»,-գրել է նա,-«Պարոն Ալթմանը, նույնիսկ, ակնարկեց, որ նմանությունը միտումնավոր է եղել՝ թվիթելով «Նա», ինչը հղում է այն ֆիլմին, որում ես հնչունավորել եմ Սամանթա չաթ համակարգին, ով ինտիմ հարաբերություններ է ստեղծում մարդու հետ»:
Դերասանուհին ասել է, որ Ալթմանը սեպտեմբերին դիմել է իրեն՝ խնդրելով հնչունավորել նոր չաթ-բոտը:
«Պարոն Ալթմանն ինձ ասաց, որ ինքը կարծում է, որ հնչունավորելով համակարգը, ես կարող եմ կամրջել տեխնոլոգիական ընկերությունների եւ ստեղծագործողների միջեւ առկա բացը եւ օգնել սպառողներին իրենց հարմարավետ զգալ մարդկանց եւ AI-ի սեյսմիկ փոփոխության պայմաններում»,-գրել է Յոհանսոնը,-«Նա ասաց, որ զգում է, որ իմ ձայնը կսփոփի մարդկանց»:
Սակայն դերասանուհին մերժել է առաջարկը՝ անձնական պատճառներով:
Նա հավելել է, որ Sky chatbot-ի գործարկումից երկու օր առաջ Ալթմանը կապվել է իր գործակալի հետ եւ հորդորել Յոհանսոնին վերանայել ընկերության հետ համագործակցելու իր նախնական մերժումը:
Open AI-ի կողմից BBC-ին տրամադրված հայտարարության մեջ, սակայն, Ալթմանը հերքել է, որ ընկերությունը փորձում է ընդօրինակել Յոհանսոնի ձայնը։