Նոր մեդիան փոխակերպում է հաղորդակցության անատոմիան. Աստղիկ Ավետիսյան
Advertisement 1000 x 90

Նոր մեդիան փոխակերպում է հաղորդակցության անատոմիան. Աստղիկ Ավետիսյան

Լույս է տեսել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանի «Նոր մեդիա և հաղորդակցություն» մենագրությունը:

Մենագրությունը վերջին տարիներին միակ գիտական աշխատությունն է, որտեղ անդրադարձ է կատարվում, թե ինչպե՞ս է մեդիան փոխել մարդկանց կյանքը, ի՞նչ ազդեցություն է ունեցել տարբեր ոլորտների վրա, հաղորդակցության անատոմիան ի՞նչ փոխակերպման է ենթարկվել: «Այսօր մենք ապրում ենք տեղեկատվական դարաշրջանում, որտեղ նոր մեդիան և հաղորդակցությունն ունեն կարևոր դերակատարություն մեր կյանքում: Նոր մեդիայի զարգացումը, ինտերնետի և թվային տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը փոխել են մեր հաղորդակցության ձևերը և մեթոդները:

Նոր մեդիան ընդգրկում է ինտերնետային պլատֆորմները, սոցիալական ցանցերը, բլոգները, տեսաբլոգները և բազմաթիվ այլ թվային մեդիա ձևաչափեր, որոնք առաջարկում են մեզ նոր և ավելի ինտերակտիվ մեթոդներ՝ տեղեկատվություն ստանալու, կիսելու և փոխանակելու համար», – նշում է մենագրության հեղինակը:

Ըստ Աստղիկ Ավետիսյանի՝ սոցիալական մեդիան մեր առօրյա կյանքի անբաժանելի մասն է դարձել: Ֆեյսբուքը, Ինստագրամը, Թվիթերը և Թիքթոքը ոչ միայն փոխում են մեր անձնական կապերը, այլ նաև ազդեցություն ունեն բիզնեսի, քաղաքականության և մշակույթի վրա: «Սոցիալական մեդիայի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր մտքերը, կիսվել մեր փորձառություններով և շփվել տարբեր մարդկանց հետ ամբողջ աշխարհում»:

Բացի սոցիալական մեդիայից, նոր մեդիան առաջարկում է նաև նոր հարթակներ կրթության և տեղեկատվության համար: Առցանց դասընթացները, տեսաձայնային դասախոսությունները և վեբինարներ հնարավորություն են տալիս ստանալ գիտելիքներ և հմտություններ՝ անկախ մեր ֆիզիկական գտնվելու վայրից:

Նոր մեդիայի շնորհիվ նաև փոխվում են ավանդական հաղորդակցության մեթոդները: Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ «թվային լրատվամիջոցները թույլ են տալիս արագ արձագանքել իրադարձություններին և ապահովել տեղեկատվության լայն տարածում: Սակայն այս ամենը բերում է նաև նոր մարտահրավերներ: Մեզ անհրաժեշտ է լինել զգոն՝ չհավատալով կեղծ տեղեկատվությանը և պաշտպանելով մեր անձնական տվյալները»:

Ի վերջո, նոր մեդիան և հաղորդակցությունը միավորում են մարդկությանը, դարձնում են աշխարհն ավելի հասանելի և հարմարավետ: Սակայն մենք պետք է շարունակենք լինել գիտակից և պատասխանատու օգտատերեր՝ ապահովելու համար մեր անվտանգությունը և ապահովությունը»:

Գրքում հեղինակն անդրադառնում է նոր մեդիայի կարևոր բնութագրիչներին՝ ինտերակտիվությանը, անմիջականությանը և օգտագործողների ստեղծագործական ներգրավվածությանը։ Ինտերակտիվությունը նոր մեդիայի ամենակարևոր հատկանիշներից է։ Առաջինը՝ այն փոխում է հաղորդակցման գործընթացը միակողմանիից դեպի երկկողմանի, որտեղ օգտատերերը կարող են արձագանքել, կիսվել իրենց մտքերով և նույնիսկ փոփոխություններ կատարել բովանդակության մեջ։

Օրինակ, սոցիալական մեդիա հարթակներում օգտատերերը կարող են անմիջապես արձագանքել հրապարակումներին, մեկնաբանություններ թողնել և մասնակցել քննարկումներին։ Անմիջականությունը նոր մեդիայի ևս մեկ կարևոր բնութագրիչ է։

Նախկինում տեղեկատվությունը կարող էր օրեր կամ շաբաթներ տևել, մինչև այն հասներ իր նպատակակետին, իսկ այժմ՝ տեղեկատվությունը տարածվում է ակնթարթորեն։ Սա հատկապես կարևոր է ճգնաժամային իրավիճակներում, երբ արագ և հստակ հաղորդակցումը կարող է փրկել կյանքեր։ Նոր մեդիայի շնորհիվ ստեղծվել են բազմաթիվ նոր հնարավորություններ ստեղծագործականության և ինքնարտահայտման համար։ Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ բովանդակության ստեղծող՝ առանց հատուկ մասնագիտական գիտելիքների։ Բլոգերը, վիդեո հոսքերը, մեմերը և փոդքասթերը նոր մեդիայի միջոցով թույլ են տալիս օգտատերերին կիսվել իրենց փորձով, գիտելիքներով և արվեստով՝ հասնելով լայն լսարանի։ Բացի այդ, նոր մեդիան զգալիորեն ազդել է հասարակության վրա՝ ձևավորելով նոր հաղորդակցման մշակույթներ և պրակտիկաներ։ Օրինակ, սոցիալական մեդիայի ազդեցությունը քաղաքականության մեջ, ընտրություններում և հանրային կարծիքի ձևավորման գործում անզուգական է։ Հեղափոխական շարժումները հաճախ օգտագործում են նոր մեդիայի հարթակները կազմակերպելու և տարածելու թիրախային ուղերձներն ու քաղաքական խոսույթները:

Աստղիկ Ավետիսյանը մանրամասնորեն ներկայացրել է ցանցային հաղորդակցության կարևոր հիմնակետերը, արվեստի, քաղաքական գործընթացների, գիտության և կրթության, լրագրության և ցանցային տնտեսության վրա նոր մեդիայի ազդեցությանն ու հաղորդակցման փոխակերպմանը:

Նշենք, որ աշխատությունը հեղինակի հինգ տարվա ուսումնասիրությունների, դիտարկումների ու վերլուծությունների արդյունքն է: Այն նախատեսված է գիտական և կրթական հաստատությունների, ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար: Գիրքը երաշխավորել է հրապարակման ԵՊՀ գիտական խորհուրդը: