Շվեյցարիայում դատարանը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ Հինդուջա ընտանիքի չորս անդամին մեղավոր է ճանաչել մարդկանց աշխատանքային շահագործման համար։ Այս մասին հայտնել են The Guardian-ը և BBC-ն։
Նշվում է, որ Պրակաշ և Քամալ Հինդուջաները, ինչպես նաև նրանց որդին՝ Աջայը, և նրա կինը՝ Նամրաթը, մեղավոր են ճանաչվել մարդկանց շահագործման և անօրինական աշխատանքի ներգրավելու համար. խոսքն այն մարդկանց մասին է, որոնց մեծահարուստները բերել են Հնդկաստանից՝ Շվեյցարիայում գտնվող իրենց առանձնատանն աշխատելու նպատակով։
Ընտանիքի անդամները դատապարտվել են 4-ից 4,5 տարվա ազատազրկման։ Սակայն դատարանն ավելի ծանր՝ մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով, նրանց արդարացրել է։
Պրակաշ և Քամալ Հինդուջաները (երկուսն էլ 70 տարեկանից բարձր են) չեն ներկայացել դատական նիստերին՝ պատճառաբանելով վատ առողջական վիճակը: Աջայը և Նամրաթը ներկա են եղել դատավարությանը, սակայն չեն լսել դատավճիռները:
Ամբաստանյալների փաստաբանները հայտնել են, որ վիճարկելու են շվեյցարական դատարանի որոշումը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երեք աշխատողները, որոնց Հինդուջաները բերել էին Հնդկաստանից, պնդում էին, որ ընտանիքն իրենց վճարել է ընդամենը 7 ֆունտ (8 դոլար) 18-ժամյա աշխատանքային օրվա համար, ինչը շվեյցարական օրենքով պահանջվող գումարի տասներորդ մասից էլ քիչ է:
Աշխատակիցներից խլել են նաև անձնագրերը, նրանց հազվադեպ են թույլ տվել տանից դուրս գալ։ Դատավարության ընթացքում մեղադրող կողմը պնդել է, որ ընտանիքն իր շան վրա ավելի շատ գումար է ծախսել, քան ծառաների վրա:
Հինդուջա ընտանիքի փաստաբանները պնդել են, որ բոլոր երեք հայցվորները ստացել են զգալի արտոնություններ և չեն պահվել մեկուսացման մեջ և ազատ են լքել վիլլան: Նրանց խոսքով՝ աշխատողները երախտապարտ էին գործատուներին՝ իրենց ավելի լավ կյանք առաջարկելու համար:
Հինդուջա ընտանիքին է պատկանում Hinduja Group կոնգլոմերատը, որը զբաղվում է նավթով, գազով և բանկային գործունեությամբ: Ընտանիքին է պատկանում նաև Լոնդոնի Raffles հյուրանոցը: Ընտանիքի ընդհանուր կարողությունը գնահատվում է մոտավորապես 47 միլիարդ դոլար: