Փետրվարի 15-ին Պրահայի Յակուբսկա ցուցասրահում բացվել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի ամուսնու` նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Սա Նարեկի երկրորդ ցուցահանդեսն է, սակայն նա առաջին անգամ է սփյուռքահայությանը ներկայացնում իր աշխատանքները։ Նա առաջին՝ «Մասնիկապատում» ցուցահանդեսը ներկայացրել է 2015–ին Երևանում։
Tert.am Life–ը զրուցել է Նարեկի և Գոհարի հետ`նոր աշխատանքների մասին։
«ԼեգաԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկը մանկուց է նկարում։ Մասնագիտական կրթություն չի ստացել։ «Տաղանդը ժառանգելու մասին հարցերը միշտ չեն, որ միանշանակ են, սակայն պապիկս՝ Հովհաննես Շարամբեյանը, եղել է պրոֆեսիոնալ նկարիչ. գուցե իրենից եմ ժառանգել».– ասաց Նարեկը։
Նարեկը սիրում է իր նկարների վրա երկար աշխատել։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ պիտի որոշակի հոգեվիճակ լինի, որ կարողանա նկարել, ինչպես նաև, նկարում է այն, ինչ տեղի է ունենում իր կյանքում։ Հարցին` ո՞րքան ժամանակ և ի՞նչ հոգեվիճակում է նկարել այս աշխատանքները, նա պատասխանեց. «Աշխատում եմ դանդաղ և շատ երկար՝ կախված նկարից։ Երբեմն, էսքիզը գուցե ավելի երկար լինի, քան բուն նկարը։ Դժվար է պատասխանել, թե ինչ հոգեվիճակում եմ աշխատել։ Տարբեր նկարներ են, տարբեր գույներ և ապրումներ, չգիտեմ՝ ինչպես մի նախադասությամբ պատասխանեմ։ Ամեն նկար տարբեր խնդիր ունի, ճիշտ կլինի՝ նկարները խոսեն իմ ներքինի մասին, ոչ թե ես։ Սիրում եմ, երբ նկարն անհատական դիալոգի մեջ է մտնում դիտողի հետ։ Այս պահին ներկայացրել եմ 29 գործ։ Բոլորը տարբեր պատումներ են, դժվար է ասել՝ ինչ են պատմում, ամեն մեկը մի առանձին պատմություն է»։
Շատ նկարիչների համար սիրելիներն են դառնում ոգեշնչման աղբյուր։ Նարեկը նշեց, որ կինը՝ Գոհարը, շատ մեծ դեր ունի իրեն աշխատանքի տրամադրելու գործում. «Երբեմն, ծուլանում եմ տրամադրվել աշխատելուն»։
Նարեկը մի անգամ ասել էր, որ նկարչությունն իր համար հոբբի է։ Հիմա, կարծես, թե մտափոխվել է։ «Արդեն դժվարանում եմ ասել հոբբի է, թե` ոչ։ Գնալով էական մի մաս է դառնում։ Աշխատանքիս հետ համատեղել կարողանում եմ։ Ինձ մոտ միշտ ստացվել է, և դա ինձ դուր է գալիս»,– նշեց Նարեկը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել չեխ խորհրդարանականներ և պաշտոնյաներ, արվեստագետներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նարեկը նշեց, որ նրանց դուր են եկել աշխատանքները. արձագանքը ոգևորիչ է եղել։
Նարեկի աշխատանքների մասին խոսեցինք նաև Գոհարի հետ։ «Նարեկի աշխատանքներում միանշանակ տեսնում եմ իր ներաշխարհը, բնավորությունը, երևակայությունը, ճաշակի զգացողությունը, երազանքներն ու բողոքը։ Երբ նա նկարում է, լուռ է, լսում է նույնքան տարբեր երաժշտություն, որքան իր նկարներն են. Փինք Ֆլոյդից ու Բախից մինչև Համասյան ու Ռեինկարնացիա»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ ինքն ի՞նչ ազդեցություն ունի ամուսնու աշխատանքների վրա, խորհուրդներով հաճա՞խ է օգնում, Գոհարը պատասխանեց. «Ես ավելի շատ պրոդյուսերի աչքով եմ դիտում այդ աշխատանքները, քան պարզապես արվեստասերի։ Դա իր աշխարհն է, որտեղ նա հստակ գիտի՝ ինչ է ուզում տեսնել։ Երբեմն, անհանգստանում եմ տեսողության համար, որովհետև շատ մանր է նկարում, բայց երբ տեսնում եմ՝ ինչ ոգևորությամբ ու համբերատարությամբ է աշխատում, մոռանում եմ այդ մասին»։
Ի դեպ, «Մասնիկների հեքիաթ» ցուցադրությունը կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։
Ամբողջությամբ՝ life.tert.am