«Spotify» երաժշտական ծառայությունը հեռացրել է ԵՄ պատժամիջոցների ցուցակներում ներառված ռուսաստանցի մի շարք կատարողների պաշտոնական էջերը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Spotify»–ից անհետացել են «Լյուբե» և «Չիչերինա» խմբերի, ինչպես նաև երգիչներ Գրիգորի Լեպսի, Օլեգ Գազմանովի, Պոլինա Գագարինայի և Շամանի պաշտոնական էջերը։
Եվրամիությունը երգիչներ Պոլինա Գագարինային և Շամանին պատժամիջոցների ցուցակներում է ներառել հունիսի 24–ին։ Փաստաթղթում ասվում է, որ Գագարինան մասնակցել է համերգների, որոնք նվիրված են եղել Ռուսաստանի կազմում նոր շրջանների ընդգրկմանը: ԵԽ–ում կարծում են, որ Գագարինան կարող էր զգալի եկամուտներ ստանալ այդ համերգներից։
«Լյուբե» և «Չիչերինա» խմբերը, ինչպես նաև Գրիգորի Լեպսը, Օլեգ Գազմանովը պատժամիջոցների ցուցակներում են հայտնվել 2022 թվականին։
«Spotify»–ը ստեղծվել է 2008 թվականին, ունի ավելի քան 515 միլիոն հետևորդ։ «Spotify»–ի ցանկում ավելի քան 100 մլն երաժշտական կատարում է ներառված: 2022 թ. ապրիլի 11–ին Ռուսաստանում դադարեցվել է «Spotify»–ի աշխատանքը։