Տիցիանի գլուխգործոցը, որը գտել են Լոնդոնի ավտոբուսի կանգառում, վաճառվել է ավելի քան 22 մլն դոլարով
Advertisement 1000 x 90

Տիցիանի գլուխգործոցը, որը գտել են Լոնդոնի ավտոբուսի կանգառում, վաճառվել է ավելի քան 22 մլն դոլարով

Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետ Տիցիանի երկու անգամ գողացված կտավը, որը մի ժամանակ գտել էին պլաստիկե փաթեթում, Լոնդոնի ավտոբուսի կանգառում, աճուրդում վաճառվել է 22,3 մլն դոլարով, տեղեկացրել է CNN-ը։

«Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին» կտավը վաճառվել է Լոնդոնի Christie’s աճուրդում։ Նրա մեկնարկային գինը կազմում էր 19-23 մլն, եւ այն ի վերջո վաճառվել է 22,3 մլն դոլարով։

Կտավում պատկերված են Հիսուսը, Մարիամը եւ Հովսեփը, որոնք հանգստանում են Եգիպտոսի ճանապարհին այն բանից հետո, երբ իմացել են, որ Հուդայի թագավոր Հերովդեսը ցանկանում է սպանել պատանի Հիսուսին։

Գործը ստեղծվել է 16-րդ դարի առաջին տասնամյակում, Տիցիանի ստեղծագործական ճանապարհի սկզբին։

Եվրոպական արիստոկրատների կողմից ձեռքից ձեռք անցնելուց հետո կտավը գողացվել է նապոլեոնյան զորքերի կողմից Վիեննայի 1809թ. օկուպացիայի ժամանակ եւ տեղափոխվել է Փարիզ։

Այն վերադարձվել է Վիեննա 1815թ. եւ նորից անցել մասնավոր հավաքածուներով, մինչեւ որ հայտնվել է Ջոն Ալեքսանդր Թինի՝ Ուիլթշիրի 4-րդ մարքիզի մոտ։

1995թ. կտավը գողացել են Լոնգլիթից՝ Թինի սերունդների տնից, այն անհետացած է եղել յոթ տարի, մինչեւ որ գտնվել է Լոնդոնի ավտոբուսի կանգառում արտ-դետեկտիվ Չառլզ Հիլի կողմից։