Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը հնաոճ մարդու համբավ ունի, խոստովանել է որ մինչև հիմա տանը լամպային հեռուստացույց ունի:
Այս մասին գրում է գերմանական Bild թերթը՝ հիշեցնելով, որ 66-ամյա Շոլցին նախկինում մեղադրել են հնաոճ լինելու համար։ Օրինակ, նա միշտ փաստաթղթերը կրում է նույն պայուսակի մեջ, որն արդեն 40 տարվա է։
Օրերս Դրեզդենում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքում կանցլերը հերթական խոստովանությունն է արել՝ նա տանը շարունակում է լամպային հեռուստացույց դիտել:
Կանցլերն այս մասին հիշել է՝ պատասխանելով էլեկտրամոբիլներին անցնելու մասին հարցին։ Կանցլերի խոսքով՝ իր հին հեռուստացույցը հիանալի է աշխատում, ուստի, երբ կատալոգում նոր մոդել է տեսնում, ինքն իրեն մտածում է, որ մեկ տարի հետո այդ նոր մոդելն արդեն հնացած կլինի։ Արդյունքում քաղաքական գործիչն այդպես էլ նոր հեռուստացույց չի գնել։
Շոլցը ենթադրել է, որ շատերը մեքենա ընտրելիս հետևում են նույն տրամաբանությանը, ինչի պատճառով էլ էլեկտրական մեքենաները չեն վաճառվում այնքան արագ, որքան որ իրենք կցանկանային։