Ամերիկյան Meta ընկերությունն իրեն պատկանող Instagram սոցկայքի 18 տարեկանից ցածր օգտատերերի համար կներկայացնի «դեռահասների օգտահաշիվներ», որպեսզի ծնողներն ավելի մեծ վերահսկողություն ունենան սոցկայքում երեխաների գործունեության նկատմամբ, գրում է The Guardian-ը:
Այս օգտահաշիվները ծնողներին հնարավորություն կտան սահմանափակել հավելվածից օգտվելու ժամանակը, իսկ գիշերային ժամերին առհասարակ արգելափակել դիտումը, տեսնել այն օգտահաշիվները, որոնց երեխան հաղորդագրություններ է ուղարկում, ինչպես նաև տեսնել՝ ինչ կոնտենտ են իրենց երեխաները դիտում Instagram-ում:
Meta-ի հայտարարության համաձայն՝ նորամուծությունը սկզբում կտարածվի նոր օգտատերերի վրա, այնուհետև ժամանակի ընթացում կընդգրկի նաև դեռահասների՝ արդեն գոյություն ունեցող օգտահաշիվները:
Նոր գործառույթի շրջանակում՝ 16 տարեկանից ցածր օգտատերերը ծնողի թույլտվության կարիք կունենան, որպեսզի փոխեն նոր կարգավորումները, մինչդեռ 16-18 տարեկանները կկարողանան ինքնուրույն փոխել դրանք:
Meta-ի գլոբալ անվտանգության գծով տնօրեն Անտիգոնե Դևիսն ասել է, որ «դեռահասների օգտահաշիվների» ներդրման որոշումը պայմանավորված է ծնողների կողմից մտահոգություններով և ոչ թե կառավարության որևէ օրենսդրությամբ կամ առաջարկով:
«Ծնողները ամենուր մտածում են այս հարցերի շուրջ», – ասել է Դևիսը: