Օրերս 168.am-ը գրեց, որ քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կոկոն»՝ 34-ամյա Կոնստանտին Հունանյանը, փախուստի է դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից:
«Կոկո» մականունը կրող Կոնստանտինը ազատազրկված է սպանության համար: Մասնավորապես, նա ազատազրկվել է 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով։
MediaHub-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այս դեպքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հունանյանը տևական ժամանակ կրել է ազատազրկումն ԱԱԾ մեկուսարանում, որից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկներից մեկը, սակայն այնտեղից նրան նորից վերադարձրել են մեկուսարան: Պատճառը կապում են մականունավոր դատապարտյալի անվտանգությանը սպառնալիքի հետ:
Շուրջ երկու շաբաթ առաջ նա տեղափոխվել է «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ իբրև թե առողջական խնդիրներով, որտեղից էլ երկու օր առաջ փախուստի է դիմել: Ասացին՝ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է ճողոպրել և ազատության մեջ հայտնվել:
MediaHub-ը դիմեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին ճշտելու մեր ունեցած տեղեկությունների իսկությունը: Վերջինս արձագանքեց.
«Այս պահին ընթանում են որոնողական գործողություններ։ Այլ տեղեկությունների տրամադրումը նպատակահարմար չէ»։
ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից էլ հետաքրքրվեցինք, թե ո՞ր ՔԿՀ-ից է տեղափոխվել Կոնստանտին Հունանյանը բժշկական կենտրոն և որքա՞ն ժամանակ է եղել բժիշկների հսկողության տակ մինչ փախուստի դիմելը: ՊՈԱԿ-ից ուղորդեցին դիմել առողջապահության նախարարություն, որտեղից էլ ասացին՝ գրավոր դիմենք:
Ոստիկանությունից էլ մեզ փոխանցեցին՝ հանցագործը դեռ չի հայտնաբերվել, որոնումները շարունակվում են:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ «Կոկո»-ին փնտրում են ոչ միայն ուժայինները, այլև քրեական աշխարհի ներկայացուցիչները:
Նշենք նաև, որ մինչ «Կյաժ Աշոտ»-ի սպանությունը Կոնստանտին Հունանյանը՝ «Կոկոն» դատապարտված է եղել ավազակային հարձակում կատարելու համար և ազատ է արձակվել համաներմամբ: