Նավալնիի կինը ցանկանում է ՌԴ նախագահ դառնալ
Advertisement 1000 x 90

Նավալնիի կինը ցանկանում է ՌԴ նախագահ դառնալ

Այս տարվա փետրվարին կյանքից հեռացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյա Նավալնայան, հայտնել է՝ ՌԴ վերադառնալու դեպքում, առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու:
Նա այս մասին պատմել է BBC-ին:

«Իմ նպատակն է մոտեցնել և հնարավոր դարձնել փոփոխությունները երկրում։ Եթե վերադառնամ Ռուսաստան, կառաջադրվեմ որպես նախագահի թեկնածու», – ասել է նա:

Բայց քանի դեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մնում է իշխանության ղեկին, Մոսկվա վերադառնալը «դժբախտաբար անհնար է», կարծիք է հայտնել Նավալնայան։

Նա ընդգծել է, որ չի կարողացել հայրենիք վերադառնալ նույնիսկ ամուսնու թաղմանը` վախենալով ձերբակալվելուց: Այժմ Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել ծայրահեղական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով. իշխանությունները նկատի ունեն նրա ամուսնու հիմնադրած Հակակոռուպցիոն հիմնադրամը։

«Ինձ համար շատ կարևոր է լինել այն մարդկանց կողքին, որոնք աջակցել են ամուսնուս և այժմ էլ ինձ են աջակցում։ Ռուսական ընդդիմությունը հայտնվել է ծանր վիճակում: Շատերը վտարված են, շատերը ընկճված են, հիասթափված են… ես՝ ոչ։ Չնայած իմ կյանքում տեղի ունեցած բոլոր սարսափելի իրադարձություններին, ես հավատում եմ, որ մի օր ամեն ինչ պետք է փոխվի, վաղ թե ուշ: Ես հավատում եմ, որ մենք ունենք ընդհանուր թշնամի` Վլադիմիր Պուտինը», – եզրափակել է Յուլյա Նավալնայան: