Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին. life.panorama.am

Վերջին ամիսներին երգչուհի Լիանայի կտրուկ նիհարելը դարձել է ամենաքննարկվող թեմնարից մեկը: Life.panorama.am-ը խոսել է երգչուհու հետ ու տեղեկացել ավելորդ կիլոգրամներից ազատվելու նրա գաղտնիքների մասին:

Զրույցի սկզբում Լիանան նախ նշեց, որ դպրոցական տարիներին հրաշալի կազմվածք է ունեցել և միայն տարիների ընթացքում է գիրացել.

«Իմ դպրոցական ընկերները կփաստեն, որ պատանեկան տարիներին հրաշալի կազմավծք ունեի, անգամ այն ժամանակ մասնակցեցի գեղեցկության մրցույթի ու երրորդ տեղը զբաղեցրեցի: Հենց այդ մրցույթի շրջանակներում էլ սկսեցի առաջին անգամ երգել: Հետո իմ կյանքում այսպես ասած «քնած» շրջան եկավ արտաքինիս հետևելու առումով, որից հետո վերջերս ասես արթնացա ու հասկացա, որ կարող եմ և շատ գեղեցիկ լինել, միայն թե կամքի ուժ ունենամ: Դրանից հետո սկսեցի կենտրոնանալ ավելրոդ քաշից ազատվելու վրա, հիմա իմ օրինակով կարող եմ ապացուցել մարդկանց, որ ցանկության դեպքում մարդն ամեն ինչի էլ կարող է հասնել»,- պատմեց Լիանան ու շարունակեց.

«Ինձ համար շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ ես տեսնեի, թե ովքեր են ինձ սիրում, երբ ես գիրուկ եմ, երբ չունեմ հրաշալի արտաքին: Պատահական չէր, որ այդ ընթացքում էլ ես ամուսնացա ու իսկապես սիրվեցի: Գիտեք, շատ կարևոր է, երբ քեզ սիրում են հոգուդ, այլ ոչ թե արտաքինիդ համար, երբ սիրում են ըստ սրտիդ, այլ ոչ թե ըստ կիլոգրամներիդ թվի: Այս դեպքում սերը շատ ավելի անկեղծ է, շատ ավելի սրտանց: Նման փորձարկումներ իմ կյանքում շատ եմ անում, կարող եմ, օրինակ, մի օր վատ հագնվել, մի օր շատ չխնամվել ու հետևել մարդկանց արձագանքներին: Հիմա նաև ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր ինձ սիրում էին նաև գիրուկ ժամանակ, ես նրանց համար ուղղակի խենթանում եմ, այսօր ինձ համար շատ թանկ են նաև այն ֆեյսբուքյան գրառումները, երբ անծանոթ մարդիկ ասում են, որ ինձ սիրում էին նաև գիրուկ ժամանակ»:

Լիանան գրեթե չորս ամսում նիհարել է 20 կիլոգրամ: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ շատ խորն է ուսումնասիրել և ուսումնասիրում ճիշտ սննդակարգի կանոնները.

«Պետք է շեշտեմ, որ ոչ մի դիետոլոգի, սննդաբանի օգնության չեմ դիմել: Ինքս բավականին երկար ժամանակ ու մինչ այսօր ուսումնասիրում եմ ճիշտ սնվելու կանոնները, տարբեր մթերքների արդյունավետությունն ու հակառակը: Իմ կյանքի ընթացքում շատ եմ դիետաներ պահել, սակայն դրանք ընդհանրապես շահավետ չեն: Մենք կարող ենք օրը մեկ անգամ ուտել, բայց օգտագործել այնպիսի մթերքներ, որոնց արդյունքում գիրանանք: Ճիշտ սնվելու առաջին կանոններից մեկն այն է, որ պետք  է օրական մինչև վեց անգամ ուտել, այսինքն՝ գրեթե երկու ժամը մեկ, սակայն ուտել շատ-շատ քիչ: Երբեք չպետք է կուշտ վեր կենալ սեղանից»- ընդգծեց Լիանան հավելելով.

«Շատ կարևոր է, որպեսզի մարդ կարողանա իր մեջ արթնացնել 6-րդ զգայարանը, ինքն իր ուղեղին թելադրել, որ օրինակ պետք է նիհարել: Այս պարագայում ինքնըստինքյան ցանկություն էլ չես ունենա ուտել արգելված մթերքներ: Ժամանակի ընթացքում ինձ սկսեցին դուր գալ շոգեխաշված, այլ ոչ թե տապակած ուտեստները: Լինելով շատ աղակեր, հիմա ինձ դուր են գալիս առանց աղ մթերքներ օգտագործել: Ես հրաժարվել եմ հացից ու խմորեղենից: Առավել նախապատվություն եմ տալիս բանջարեղենին: Միաժամանակ՝ պետք է շեշտեմ, որ շատ սխալ է օրգանիզմին ստրեսի ենթարկել, եթե օրինակ օրգանիզմդ այդ պահին թխվածքաբլիթ է ուզում, կարելի է շատ քիչ օգտագործել, բայց երբեք չչարաշահել: Ինքս աշխատում եմ 20:00-ից հետո չուտել, նաև պահպանում եմ ջրի օգտագործման բալանսը»:

Լիանան վստահ է՝ ավելորդ կիլոգրամները ոչ միայն տգեղ են, այլև առողջութան համար վնասակար.

«Շատ հիվանդություններ՝ հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ գիրության պատճառով են ի հայտ գալիս, այդ թվում նաև շաքարային դիաբետը կարող է գիրության պատճառով առաջանալ»,- նշեց նա:

Ճիշտ սննդակարգից զատ՝ Լիանան հաճախում է նաև մարզսրահ և լողի.

«Շատ կարևոր է մարզվելը: Ես ունեմ հրաշալի մարզիչ, ով ինձ շատ ճիշտ խորհուրդներ է տալիս մարզասրահում, սակայն իմ պարագայում մեծ նշանակություն ունեցավ նաև լողը: Հիմա ես առանց դադարի զբաղվում եմ սպորտով, ինչը ոչ միայն օգնում է նիհարել, այլև առողջ լինել»,- հավելեց երգչուհին:

Լիանան վստահ է, ավելի հեշտ է նիհարել, քան կորցրած քաշը պահպանել.

«Տարիներ առաջ ես կրկին 20 կիլոգրամ նիհարեցի, երբ դեռ բալիկ չէի ունեցել, բայց ժամանակի ընթացքում կրկին գիրացա: Վստահաբար, շատ ավելի բարդ է պահպանել կորցրած քաշը, իսկ դրա համար պետք է անընդհատ առողջ սնվել, ճիշտ սննդակարգով ապրել ու ամենակարևորը՝ թելադրել ուղեղին, որ դու պետք է պահպանես քաշդ ու ոչ մի դեպքում չվերադառնաս հին տեսքիդ»,- նշեց նա:

Լիանան թեև 20 կիլոգրամ է կորցրել, բայց նա այսքանով չի եզրափակվի.

«Պետք է դառնամ 60 կիլոգրամ, սա ես ինքս ինձ եմ խոստացել: Ճիշտ է՝ ես 20 կիլոգրամ եմ նիհարել, բայց ճարպային մասն ավելի շատ եմ կորցրել ու արտաքնապես ավելի նիհար տեսք ունեմ»,- ավարտեց երգչուհին՝ շեշտելով՝ պետք է ինքնակառավարվել այնպես, որ մենք թելադրենք մեր ուղեղինն, այլ ոչ թե իր թելադրանքներով շարժվենք:



Նման նյութեր