«Ծամոնի պես կպել էին ու ամեն կերպ փորձում էին հասնել նրան, որ թիմը չխաղա». Արցախի ՈՒՀԱ-ի թիմի ղեկավարը՝ ադրբեջանական հիստերիայի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ծամոնի պես կպել էին ու ամեն կերպ փորձում էին հասնել նրան, որ թիմը չխաղա». Արցախի ՈՒՀԱ-ի թիմի ղեկավարը՝ ադրբեջանական հիստերիայի մասին

Blognews.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է՝ հայկական համացանցը ցնծում, իսկ ադրբեջանականը՝ հիստերիայի ամենավերջին դրսևորումներով քննարկում է Արցախի ՈՒՀԱ-ի թիմի հաղթանակը Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի լիգաների փառատոնում: Թիմի հաջողությունների, մեր «նյարդային» հարևանների ու տղաների անելիքների մասին կայքը զրուցել է թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ.

«Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի լիգաների փառատոնին մասնակցում էր 150-ից ավելի թիմ, որոնք ցանկություն ունեն խաղալ տարբեր մակարդակի լիգաներում: Կոնկրետ մեր թիմը ձգտում է խաղալ տվյալ փառատոնի ամենաբարձր՝ կենտրոնական լիգայում, որը կոչվում է «Մոսկվայի լիգա»:

Այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ նախորդ տարիներին «С хлебом и солью-Степанакерт» անվամբ հանդես եկող թիմն այս անգամ անվանափոխվեց ու «Свадьба в горах» դարձավ, թիմի ղեկավարն այսպես է մեկնաբանել.

«Մեր թիմի ստեղծման առաջին իսկ օրից ադրբեջանական հիստերիան առաջնահերթ ուղղված էր հենց թիմի անվանմանը: Մրցույթի կազմակերպիչները թեև ուշադրություն չէին դարձնում այս հանգամանքին, ամեն դեպքում լարվածությունն առաջին հերթին տհաճ էր հենց թիմի համար, երբ անընդհատ մեր հասցեին կարդում էինք «сепаратисты из Карабаха» ու նմանատիպ շատ այլ հայտարարություններ: Թիմի վրա լրացուցիչ, ոչ դրական առումով ուշադրություն էին գրավում նաև ադրբեջանցիների՝  ՈՒՀԱ-ի ղեկավարությանը ուղղված բազմաթիվ բողոք-նամակները: Ու ամեն անգամ որոշակի բացատրական աշխատանք էինք տանում, մինչև որ բոլորին հասկացնում էինք, որ սա ոչ մի առնչություն չունի մրցույթի բովանդակության հետ:

Թիմի նկատմամբ ավելորդ լարվածությունը հանելու համար որոշեցինք այն վերանվանել «Свадьба в горах», որովհետև, ստեղծագործական աշխատանքը թողած, ամբողջ օրը համացանցում ու մամուլում մեր հասցեին ուղղված այդ հիստերիկ արձագանքներին էինք պատասխանում: Ծամոնի պես, անհասկանալի կպել էին ու ամեն կերպ փորձում էին հասնել նրան, որ թիմը չխաղա: Իսկ դա մեզ պետք չէր, մեր նպատակն է անել ամեն ինչ, որ Արցախում ապրող, ստեղծագործող երիտասարդները միջազգային հարթակներում հանդես գալու հնարավորություն ունենան, որ մշակութային կյանքով ապրեն: Մի խոսքով, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ու մրցութային փուլեր, մեր թիմը վերջապես հայտնվեց կենտրոնական լիգայում»:

Ահա այս փուլում էլ փետրվարի 17-ին ՈՒՀԱ-ի Արցախի թիմին հաջողվեց հասնել բարձրագույն գնահատականի: Ժյուրին ու հանդիսատեսը սիրեցին մեր տղաների հումորը, և արդյունքում էլ «Свадьба в горах» թիմը հովանավորի կողմից ստացավ խաղի «լավագույն թիմ» տիտղոսն ու արժանացավ հատուկ մրցանակի:

Ամբողջությամբ՝ blognews.am