Մադամ Թյուսոյի թանգարանը Նյու Յորքում ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ SpaceX-ի եւ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի նոր մոմե արձանը, որին հավերժացրել են ֆիրմային կապույտ ջինսով, սպիտակ օքսֆորդներով եւ մուգ կապույտ պիջակով, թանգարանի նոր պատկերասրահի շրջանակում՝ The Space Room-ում, տեղեկացրել է NYP-ը։
«Իլոն Մասկը ընդմիշտ փոխել է տիեզերական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների լանդշաֆտը, ուստի լիովին տեղին է, որ նա հավերժացվի մեր նոր Space Room-ում»,- նշել է Նյու Յորքում մադամ Թյուսոյի թանգարանի գլխավոր մենեջեր Տիագո Մոգադոուրուն։
53-ամյա Մասկի մոմե արձանը առաջին անգամ ներկայացվել է Վերին Իսթ-Սայդի հետազոտողների ակումբում ակումբի նախագահ եւ նախկին աստղագնաց Ռիչարդ Հերիոթի կողմից։
Նա էքսկուրսիա է վարել պատվավոր հյուրերի՝ ճյուղի պրոֆեսիոնալների համար, եւ ցուցադրել է հիպերիրական արձանիկը՝ «շրջապատված հիշարժան իրերով եւ տիեզերանավերի մոդելներով»։